Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Անտառտնտեսության մասնաճյուղի գրասենյակում նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մասնաճյուղի ղեկավարի և աշխատակիցների հետ։
Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարը։
Քննարկվել են անտառային ոլորտի խնդիրներին և դրանց հայեցակարգային լուծումներին առնչվող մի շարք հարցեր։Անտառային ոլորտի կառավարման քաղաքականությունը պետք է լինի համալիր և վերջնական լուծումներ տա անտառների պահպանության, վերականգնման և ապօրինի ծառահատումների առկա մարտահրավերներին։ Պետք է լիարժեք ապահովել անտառների սոցիալական և տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը։
Նախարարն առանձնակի անդրադարձ է կատարել «Վայոց ձոր անտառտնտեսության» տարածքից շուրջ 7-ից 8000 հա տարածք «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին անհատույց ու անժամկետ տրամադրելու Կառավարության 2006 թվականի որոշումն ուժը կորցրած ճանաչելու և այդ տարածքները պետական տնօրինմանը վերադարձնելու հարցին։
Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի «Եղեգիսի կիրճ» տարածքի պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հեկտարը փոխադրվել էր անտառային ֆոնդի հողերի կատեգորիա, նշված հողերը և «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հեկտարը, Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածքներն առանձնացվել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էր «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառտնտեսության` 4118 հեկտար ու Եղեգիսի անտառտնտեսության` Հերհերի անտառպետության` 3620 հեկտար և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 5329,91 հեկտար 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրվել էր «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Սույն թվականի փետրվարի 11-ին Կառավարությունը որպես չզեկուցվող հարց էր ներառել Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ համապատասխան պայմանագիրը խզելու և Կառավարության համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Այդ տարածքներում անտառկառավարումն ու անտառպահպանությունը պետության կողմից վերաստանձնելու ուղղությամբ նախարարի միջամտությամբ շարունակվում են գործուն քայլեր իրականացվել։
Հանդիպման ավարտին ոլորտի մասնագետները ներկայացրել են մարզում առկա ընթացիկ խնդիրները և բարձրաձայնել անտառտնտեսությունների տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասին, քննարկվել են դրանց հնարավոր լուծումները և հետագա քայլերը»,- ասված է հայտարարության մեջ։