Հայտնի է, թե երբ կսկսվի բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

ՀՀ կառավարության ապրիլի 1-ի նիստում հաստատված ընդունելության նոր կարգի համաձայն` բուհերի ընդունելության հայտագրումն այս տարի իրականացվելու է մեկ բուհի մեկ մասնագիտությամբ` վճարովի և անվճար համակարգերում: Ընդունելությունը կկատարվի երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի հայտագրումը տեղի կունենա առցանց` դեռևս անցյալ տարի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից գործարկված dimord.am կայքի միջոցով, ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

««Առցանց դիմում-հայտ լրացնելու հարցում դիմորդներն իրենց դպրոցներում կստանան անհրաժեշտ աջակցություն: Նրանք իրենց դպրոցից կստանան նաև ԳԹԿ-ի կողմից յուրաքանչյուր դիմորդին տրվող անհատական ծածկագիրը, որից ԳԹԿ-ի dimord.am կայքում լրացնելու են ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի»,- նշել է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը` ավելացնելով, որ նախորդ տարիների շրջանավարտների հայտագրմանն աջակցելու նպատակով ընտրվել են դպրոցներ, որոնց ցանկը հրապարակվել է ԳԹԿ կայքում:

Նրա տեղեկացմամբ` երկրորդ փուլի հայտագրման գործընթացը սկսվելու է հունիսի 26-ին և ավարտվելու է հուլիսի 1-ին: Երկրորդ փուլում կկատարվի նախորդ տարիների շրջանավարտների, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտածների հայտագրումը: Առաջին փուլով հայտագրված դիմորդները քննությունները հանձնելու են հունիս ամսին, իսկ երկրորդ փուլով հայտագրվածները` հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում: Քննությունների ավարտից հետո տեղի կունենա ընդունելության մրցույթի հիմնական փուլի ամփոփումը, որի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին:

Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ կամ երկրորդ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած դիմորդները:

Լրացուցիչ փուլի հայտագրումը կատարվելու է հուլիսի 19-26-ը՝ դիմում-հայտը dimord.am կայքում առցանց լրացնելու տարբերակով:

Երկրորդ փուլում դիմորդները հնարավորություն ունեն վճարովի և անվճար համակարգերով հայտագրել 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների: 2021-22 ուսումնական տարվա ընդունելության համար դիմորդները կհանձնեն երկու միասնական քննություն: Ընդունելության վերջնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն հուլիսի 30-ին:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշվել փոփոխություն կատարել հայտագրման համակարգում, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը նշել է. «Կառավարությունը նախապատվությունը տալիս է մասնագիտական կողմնորոշմանը: Եթե ցանկանում եք ուսումը շարունակել բուհում, ապա պետք է իմանաք, թե ուր եք գնում և ինչ մասնագետ եք ուզում դառնալ: Նախորդ տարիների փորձը ցույց էր տալիս, որ դիմորդների կեսից մի քիչ ավելին ընդունվում է առաջին հայտով: Օրինակ` «Իրավագիտություն» կամ «Բուժական գործ» մասնագիտությամբ բարձր միավոր հավաքած, սակայն նշված մասնագիտությունների մրցույթից դուրս մնացած դիմորդներն ինքնաշխատ եղանակով իրենց նախընտրած մասնագիտությունից դուրս էին մղում առաջին հայտով, օրինակ, պատմության կամ դեղագործության ֆակուլտետներ դիմած դիմորդներին, քանի որ նախկին կարգով կար երկու անվճար հայտի առաջնահերթություն: Արդյունքում ստացվում էր այնպես, որ տվյալ անձը, ով չէր ցանկանում սովորել այդ մասնագիտությամբ, բարձր միավորների շնորհիվ հայտնվում էր որևէ ֆակուլտետում, իսկ նա, ով ցանկանում էր սովորել հենց այդ մասնագիտությամբ, դուրս էր մնում»:

Անդրադառնալով ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքներին` Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը նշել է, որ իրենք արդեն սկսել են մարզային շրջայցերը` մանրամասն ներկայացնելու նոր կարգի փոփոխությունները: Կարո Նասիբյանի խոսքով` dimord.am կայքը տեխնիկապես հզորացվել և վերազինվել է: ԳԹԿ-ն առաջիկայում հանրային իրազեկման նպատակով կթողարկի նաև հոլովակ, որտեղ կնշվեն առցանց հայտ լրացնելու հաջորդական քայլերն ու առաջին հայտի ամրագրման կարևորությունը: Հավելենք, որ մինչև հայտագրման ժամկետի վերջին օրը դիմորդը կարող է առցանց դիմում-հայտում փոխել իր նախընտրած մասնագիտությունը:

Կարո Նասիբյանի կանխատեսմամբ՝ այս տարի դիմորդների թիվը կլինի մոտավորապես այնքան, որքան՝ նախորդ տարի: Ըստ այդմ` ինչպես ամեն տարի, այս տարի ևս հանրակրթական դպրոցների մոտ 22 հազար շրջանավարտների կեսից ավելին կդիմի բուհեր: Տեղեկացնենք, որ Կառավարությունը 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հատկացրել է 2 918 անվճար և 22 300 վճարովի տեղ»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել