ԱԱԾ-ի նախագիծը՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկվում է արդիականացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը:

Նախագծի ընդունմամբ բովանդակային և օրենսդրական առումով կփոփոխվի պետական և ծառայողական գաղտնիքի հետ կապված հարաբերությունների` ներկայումս գործող իրավակարգավորումները, դրանք կհամապատասխանեցվեն արդի իրողություններին և միջազգային փորձին, ինչպես նաև կներդրվեն գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված նոր գործիքակազմեր և լուծումներ:

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պաշտպանելու, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքի հետ կապված այլ կարգավորումներն արդիականացնելու նպատակով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծում հստակեցվել են գաղտնիության աստիճանի, գաղտնի տեղեկություններին առնչվող թույլտվության, գաղտնի տեղեկությունների պաշտպանության միջոցների, գաղտնիության դրոշմագրի և այլ հասկացությունների սահմանումները: Հստակեցվել է նաև տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, ինչպես նաև նախատեսվել են գաղտնի տեղեկատվությանն առնչվող մի շարք այլ իրավակարգավորումներ` արդի իրողություններին և միջազգային փորձին համապատասխան:

Միաժամանակ, հաշվի են առնվել վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության ոլորտում առկա միջազգային պայմանագրերի կարգավորումները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից հիշյալ որոշման մեջ նշված պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծը:

Գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թվականին և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև արդի միջազգային փորձը:
Գործող օրենքում լիարժեքորեն նախանշված չեն տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, սահմանված չեն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, հստակեցված չեն գաղտնի տեղեկությունների գաղտնազերծ-ման, գաղտնի տեղեկությունների վերանայման ժամկետները, ինչպես նաև մի շարք այլ իրավակարգավորումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել