Գլխացավեր, հոդացավեր, մկանային ցավեր, ներարկման տեղում ցավ, կոշտություն․ ի՞նչ երևույթներ կարող են առաջանալ պատվաստումից հետո

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 2-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցը։ Փաստաթղթում նաև հրապարակվել են պատվաստանյութի վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։

ՀԱՃԱԽԱԿԻ ՀՆՉՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Արդյո՞ք կա COVID-19-ի դեմ պատվաստվելու անհրաժեշտություն, եթե հիվանդացել եք COVID-19-ով և ապաքինվել։

Այո։ Անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձը հիվանդացել է COVID-19-ով, թե ոչ, պատվաստումը պետք է իրականացվի՝ COVID-19-ի հետ կապված առողջական լուրջ ռիսկերի, ինչպես նաև կրկնավարակի հնարավոր լինելու պատճառով։

Ներկայում, դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված տվյալ անձը COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո։ Յուրաքանչյուր անձի մոտ վարակի հետևանքով առաջացած բնական իմունիտետը տարբեր է։ Հիմնվելով որոշ վաղ հետազոտությունների վրա՝ կարելի է ենթադրել, որ բնական իմունիտետը երկար չի տևում։

2. Եթե պատվաստվենք, նորից պետք է դիմակ կրենք:

Այո, քանի որ պատվաստումը այս փուլում չի կանխում վիրուսի շրջանառությունը, այն կանխում է հիվանդության ծանր ձևերի առաջացումը և նվազեցնում է մահացությունը:

3. COVID-19-ով հիվանդանալուց հետո ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի պատվաստվի անձը:

Հիվանդանալուց հետո անձը կարող է պատվաստվել վերջին ախտանիշներն
անցնելուց 14 օր հետո:

4. Արդյոք պետք է հիվանդացած անձի հակամարմինները որոշվեն պատվաստելուց առաջ:

Պատվաստվելուց առաջ հակամարմիններ որոշելու անհրաժեշտություն չկա:

5. Ի՞նչ հակացուցումներ կան:

Հակացուցումները նույնն են, ինչպես բոլոր պատվաստումների դեպքում:

• Ծանր ալերգաբանական ռեակցիա (գերզգայուն) ակտիվ նյութի կամ պատվաստանյութի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ
• Միջին կամ ծանր ընթացքով ուղեկցվող սուր հիվանդություն: Այս դեպքում պատվաստումը պետք է հետաձգվի մինչև առողջացումը
• Թեթև հիվանդությունը պատվաստման համար հակացուցում չի:

6. Ի՞նչ երևույթներ են առաջանում պատվաստումից հետո:

Արտահայտվում են պատվաստմանը հաջորդող 3 օրերի ընթացքում, և անցնում են 1-3 օրվա ընթացքում՝ առանց բուժման

  1. Գլխացավեր,
  2. Կարճատև գրիպանման երևույթներ,
  3. Հոդացավեր,
  4. Մկանային ցավեր,
  5. Անհանգստություն, հոգնածություն, անսովոր թուլություն,
  6. Ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, կոշտություն։

7. Ովքե՞ր առաջնահերթ կպատվաստվեն COVID-19-ի դեմ

Առաջնահերթ կպատվաստվեն բուժաշխատողները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի և պաշտպանության հաստատությունների շահառուները և աշխատակիցները, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցները:

8. Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19)

Ոչ։ Ինչպես COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերից, այնպես էլ մշակման փուլում գտնվող COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս։ Ինչը նշանակում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը չի կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19)։

9. Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստվելու դեպքում COVID-19-ի ՊՇՌ ախտորոշիչ թեստի արդյունքները կլինեն դրական։

Ոչ։ Ինչպես առկա COVID-19-ի դեմ պատվաստանյութերից, այնպես էլ մշակման փուլում գտնվող COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկով պատվաստվելու դեպքում ՊՇՌ թեստի արդյունքները չեն կարող լինել դրական։

Օրգանիզմի կողմից իմունային պատասխանի զարգացման դեպքում (ինչը հանդիսանում է պատվաստման նպատակը) հնարավոր է հակամարմինների որոշման թեստի դրական արդյունք։ Հակամարմիններրի որոշման թեստը ցույց է տալիս, որ նախկինում ունեցել եք տվյալ վիրուսը և, որ, հավանաբար, որոշ չափով ունեք պաշտպանություն տվյալ վիրուսի նկատմամբ։

10. Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստանյութը պաշտպանում է COVID-19-ից։

Այո։ COVID-19-ի դեմ պատվաստանյութը վարժեցնում է իմունային համակարգը, որպեսզի այն ճանաչի և պայքարի կորոնավիրուսյին հիվանդություն (COVID-19) առաջացնող վիրուսի դեմ:

11. Կարո՞ղ է արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութի ազդեցությամբ փոփոխվել ԴՆԹ-ն։

Ոչ։ COVID-19-ի դեմ ՌՆԹ-պատվաստանյութը չի փոփոխում կամ որևէ կերպ չի առնչվում մարդու ԴՆԹ-ի հետ։ ՌՆԹ-պատվաստանյութերը վարժեցնում են բջիջներին արտադրել սպիտակուց, որը խթանում է իմունային պատասխանը։ COVID- 19-ի դեմ ՌՆԹ-պատվաստանյութը չի ներթափանցում բջջի կորիզի մեջ, որտեղ և գտնվում է ԴՆԹ-ն, ինչը նշանակում է, որ ՌՆԹ-պատվաստանյութը, չի կարող ազդել ԴՆԹ-ի վրա կամ որևէ կերպ առնչվել նրա հետ։ COVID-19-ի դեմ ՌՆԹ- պատվաստանյութն աշխատում է օրգանիզմի բնական պաշտպանական համակարգի հետ, որպեսզի զարգացնի հիվանդության հանդեպ իմունային պատասխանը։

Արդյունքում, օրգանիզմը սովորում է պաշտպանվել հետագա վարակներից։ Հենց իմունային պատասխանը և հակամարմինների արտադրությունն է պաշտպանում վարակներից, երբ իրական վիրուսը ներթափանցում է օրգանիզմ։

12. Ապահո՞վ է արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութը, եթե տվյալ անձը պլանավորում է երեխա ունենալ։

Այո։ Կանայք, ովքեր պլանավորում են հղիանալ, կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ։

COVID-19-ի դեմ պատվաստանյութը, ինչպես նաև ցանկացած այլ պատվաստանյութ, վարժեցնում է օրգանիզմին, որպեսզի այն արտադրի հակամարմիններ, որոնք կպայքարեն COVID-19-ը առաջացնող վիրուսի դեմ, որն իր հերթին կպաշտպանի հետագա հիվանդությունից։ Առկա չէ որևէ ապացույց, որ COVID-19-ի դեմ պատվաստումը հղիության, այդ թվում պլացենտայի ձևավորման հետ կապված որևէ խնդիր կարող է առաջացնել։ Ի լրումն, չկա որևէ ապացույց, առ այն, որ անպտղություն հետ կապված խնդիրները, հանդիսանում են պատվաստանյութերի nղմնակի ազդեցություն։ Հղիանալ պատրաստվող կամ մոտ ապագայում հղիություն պլանավորող կանայք կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում:

13. Արդյո՞ք կարելի է COVID-19-ի դեմ պատվաստանյութերը փոխարինել մեկը մյուսով:

Ոչ: COVID-19-ի դեմ պատվաստումները տվյալ անձի մոտ պետք է իրականացվեն նույն պատվաստանյութով, պատվաստանյութերը չեն կարող փոխարինվել մեկը մյուսով:

14. Ի՞նչ ընդմիջում է անհրաժեշտ պահպանել COVID-19-ի դեմ պատվաստման և այլ պատվաստումների միջև:

COVID-19-ի դեմ պատվաստման և այլ պատվաստումների միջև անհրաժեշտ է պահպանել 14 օր ընդմիջում:

15. Ե՞րբ կարող են նախկինում COVID-19-ի բուժման նպատակով COVID-19-ի հակամարմիններ ստացած անձինք պատվաստվել:

Նախկինում COVID-19-ի բուժման նպատակով COVID-19-ի հակամարմիններ ստացած անձանց պատվաստումն իրականացվում է հակամարմինների ստացումից առնվազն 90 օր հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել