Վերջին շրջանում տարածաշրջանում նկատվեց սեյսմիկ ակտիվությունը։ Իրավաբան.net-ը դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ պարզելու, թե ի՞նչ միջոցառումներ, ստուգումներ են անցկացվել ԱԻՆ-ի կողմից, մասնավորապես՝ ուսումնական հաստատություններում, բուժհաստատություններում, առևտրի խոշոր, փակ կենտրոններում, հանրային նշանակություն ունեցող այլ խոշոր հաստատություններում։
Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ԱԻՆ-ից հայտնել են․
2021 թ-ի հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17։22-ին Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զագցվել է Վայոց Ձորի մարզի մի շարք համայնքներում։ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային խառայության» («ՍՊՏԾ») ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մակրոսեյսմիկ հետազոտության նպատակով ուսումնասիրվել է Վայոց Ձորի մարզի երկու համայնքներում գտնվող 6 բնակելի տներ, գյուղապետարանի մեկական շենք և դպրոց։
Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք 4․7 մագնիտուդ տեղի ունեցած երկրաշարժից հետո «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի մասնագիտական խմբի կողմից կատարվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի հինգ բնակավայրերի թվով 14 բնակելի տների և մեկ դպրոցի մակրոսեյսմիկ ուսումնասիրություններ։
Փետրվարի 13-ին տեղական ժամանակով 15։29-ին Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչությունը ձևավորել է արագ արձագանքման խմբեր, որոնք Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում կատարել են մակրոսեյսմիկ հետազոտություններ։ Որպես հետազոտության օբյեկտ են ծառայել առաջին հերթին դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերը և անհատական տները։
Փետրվարի 13-ին և 14-ին ուսումնասիրվել են թվով 14 դպրոցներ և 14 մանկապարտեզներ (ուսումնասիրվող օբյեկտների ցանկը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից)։
Փետրվարի 15-ից իրականացվել են թվով 20 դպրոցական շենքի (Երևան քաղաք, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզեր), 7 բազմաբնակարան շենքի, 10 բնակելի տների, 4 հանրային նշանակության օբյեկտների հետազննություն և տրվել են համապատասպան եզրակացություններ կամ տեղեկանքներ։
Ի պատասխան մեր այն հարցման՝ թե արդյոք հետազոտվել են մայրաքաղաքում գտնվող համեմատաբար խոշոր հուշարձանները (օրինակ՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան, Մայր Հայաստան, Սասունցի Դավիթ…)՝ նախարարությունից հայտնել են․
«Հուշարձանների հետազննություն ԱԻՆ-ի կողմից չի իրականացվել, քանի որ հետազննության դիմում կամ առաջարկ չենք ստացել, բացի այդ պատմամշակութային հուշարձանների հետազննություն իրականացվում է միայն լիազոր մարմնի համաձայնությամբ»։
Հավելենք, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտներն են․
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները.
գ) հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները.
դ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
Նույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, հուշարձանի սեփականատերը պարտավոր է`
ա) ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը.
բ) սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը)` տեղական նշանակության հուշարձանի դեպքում.
գ) ապահովել հուշարձանի մատչելիությունն ուսումնասիրման և պահպանության վերահսկման համար.
դ) կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.
ե) հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները.
զ) լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին:
ԱԻՆ-ից նաև նշում են, որ 2021 թ․ ՀՀ տարածքում տեղի ունեցած երկրաշարժերը միջին ուժգնության էին (ուժեղ երկրաշարժ է համարվում 5․5 մագնիտուդից բարձր ուժգնությամբ երկրաշարժը) և դրանք չէին կարող բացասական ազդեցություն թողնել նշված հուշարձանների փաստացի տեխնիկական վիճակի և սեյսմակայունության մակարդակի վրա։