Կառավարությունը հաստատել է Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառումը:
Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքի են ընդունել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց)` նրանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։
Ըստ այդմ՝ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք 2021 թվականի մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին այն զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) հետ, որոնք 2021 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն միջոցառման շրջանակում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա չեն հանդիսացել հարկ վճարող։
Նշված անձանց զբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է աջակցություն տրամադրել այդ անձանց աշխատանքի ընդունած գործատուներին՝ նրանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։ Ընդ որում, աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:
Միջոցառման շրջանակում աշխատատեղի հարմարեցման համար աջակցության տրամադրումը նախատեսվում է իրականացնել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա։
Ըստ հիմնավորման՝ hանրապետությունում զինծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմում է 9834։