Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության տնօրենի տեղակալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Անդրանիկ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:
Ինչպես արդեն հայտնել ենք, Անդրանիկ Սիմոնայնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ մարտի 31-ի որոշմամբ է ազատվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որտեղ հասցրեց պաշտոնավարել 5 օր։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սիմոնյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի մարտի 26-ի որոշմամբ։
Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում նրա կենսագրությունն անգամ չհասցրին տեղադրել։
Նման կերպով ԱԱԾ տնօրեն նշանակվեց այժմ ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։ Նա 2020 թվականի մայիսի 4-ին նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, արդեն նախագահի հրամանագրի համաձայն նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Հունիսի 8-ին նշանակվեց ԱԱԾ տնօրեն: Այս պաշտոնից ազատվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ին որոշմամբ կրկին նշանակվեց ՔԿ փոխնախագահ։