Ինչ է անհրաժեշտ Էրազմուս+ կրթաթոշակների միջոցով արտերկրում սովորելու համար․ հայտնում է ԿԳՄՍՆ-ն

Բազմաթիվ երիտասարդներ այսօր ցանկանում են սովորել արտերկրում, բայց նրանց մտահոգում են ուսման հետ կապված մեծ ծախսերը, օտար լեզվի իմացության պահանջները և դիմումի բարդ ընթացակարգերը: Այդ նպատակով Եվրամիության Էրազմուս+ ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում երիտասարդներին՝ արտերկրում կարճաժամկետ և երկարաժամկետ ուսում ստանալու, միջազգային երիտասարդական միջոցառումներին մասնակցելու և նույնիսկ պրակտիկա անցնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ Տաթևիկ Ղարիբյանը նշում է, որ ուսանողների և հետազոտողների շարժունությունը կարևոր է առաջին հերթին այն տեսանկյունից, որ նրանք արտերկրում ծանոթանում են ժամանակակից և գլոբալ միտումներին, ընդարձակվում է մտահորիզոնը, նոր մոտեցումներ են ձևավորվում, և վերադառնալով հայրենիք՝ փորձում են դրանք տեղայնացնել Հայաստանում՝ համակցելով ազգայինի հետ:

«Այդ ամենն էլ բարձրացնում է կրթության և հետազոտության որակը: Ուսանողները և հետազոտողները դառնում են մեր երկրի դեպաններն աշխարհում՝ ներկայացնելով Հայաստանի կրթագիտական համակարգը, պատմությունն ու մշակույթը: Այս ամենի արդյունքում ձևավորվում են համագործակցության նոր եզրեր, ի հայտ են գալիս նոր գործընկերներ: Խիստ կարևոր է նաև օտարերկրյա ուսանողների և հետազոտողների ներգրավումը ՀՀ կրթական համակարգին, քանի որ դա նպաստում է բուհերի միջազգայնացմանը: Մեր երկրում դեռևս ներդրման ենթակա է «Միջազգայնացում տանը» բաղադրիչը, որին աշխարհում մեծ տեղ է տրվում: Այդ բաղադրիչի ապահովման համար կարևոր են կրթության որակը, կրթական ծրագրերի համապատասխանությունը միջազգային չափանիշներին. գործոններ, որոնք ուսանողներին մոտիվացնում են, որ իրենց միջոցների հաշվին ուսումնառեն մեր երկրում: Բացի դրանից՝ օտարերկրյա ուսանողների միջոցով տեղի սովորողն անուղղակիորեն ծանոթանում է նաև այլ երկրների մշակույթին ու մտածողությանը»-, ասում է Տաթևիկ Ղարիբյանը և հավելում, որ այդ բաղադրիչի մյուս կարևոր գործոնը պետական ֆինանսավորման առկայությունն է ու համապատասխան ռազմավարության իրագործումը:

Նրա խոսքով՝ Էրազմուս+ կրթաթոշակները հնարավորություն են տալիս սովորել արտերկրում և ձեռք բերված գիտելիքով ու փորձով կիսվել համակուրսեցիների ու գործընկերների հետ: Արդյունքում՝ ուսանողներն ունենում են ավելի հստակ և լայն պատկերացում. օրինակ՝ ինչպես են տեսնում իրենց երկրի զարգացումը գլոբալ աշխարհում. «Էրազմուս+ ծրագիրը նաև կարողությունների զարգացում և շարժունություն է ապահովում բուհի դասախոսական ու վարչական կազմի համար, ինչն էլ իր հերթին նպաստում է Բոլոնիայի գործընթացից բխող հանձնառությունների կատարմանը՝ անձնակազմի վերապատրաստման միջոցով»:

Բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի ուսանողներին, երիտասարդներին և շրջանավարտներին ԵՄ-ն առաջարկում է երկու կրթաթոշակային հնարավորություն: Առաջինը Միջազգային կրեդիտային շարժունությունն է, որը բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին կարճաժամկետ ակադեմիական կամ պրակտիկայի նպատակով փոխանակմամբ եվրոպական երկրներ մեկնելու, համապատասխան կրեդիտներ հավաքելու, վերադառնալու և ուսումն իր բուհում ավարտելու հնարավորություն է տալիս: Այս գործողության ներքո փորձի փոխանակումը, որը երկկողմանի է՝ Եվրոպայից Հայաստան և հակառակը, տևում է 3-12 ամիս: Հնարավոր է նաև վերը նշված երկու տեսակի շարժունության համադրում, այսինքն՝ ուսանողը կարող է ակադեմիական շարժունությամբ մեկ կամ երկու կիսամյակ արտերկրում ուսանել և պրակտիկա անցնել: Հայ դիմորդները շարժունությանը կարող են մասնակցել բոլոր մասնագիտական ուղղություններով. որևէ սահմանափակում չկա: Միակ նախապայմանն այն է, որ իր բուհն այդ մասնագիտությամբ համապատասխան պայմանագրեր ունենա եվրոպական գործընկեր բուհերի հետ:

Կրթաթոշակը թույլ է տալիս հոգալ ճամփորդական և կեցության ծախսերը: Առանձին տրվում է նաև ճամփորդական դրամաշնորհ, որպեսզի ուսանողը հնարավորինս մտահոգված չլինի ֆինանսական հարցերով և արտերկրում զբաղվի իր շարժունությամբ ու ակադեմիական աշխատանքով:

Բակալավրիական փոխանակման ծրագրին կարող են մասնակցել 2-3-րդ կուրսերի սովորողները: 1-ին և ավարտական կուրսերի ուսանողները չեն մասնակցում. վերջիններս կարող են անցնել 2-12 ամիս տևողությամբ պրակտիկա, որում ներգրավվում են նաև գործատուները: Էրազմուս+ մրցույթին մասնակցելու համար ուսանողից երկու ակնկալիք կա՝ չունենալ ցածր առաջադիմություն և տիրապետել անգլերենին: Անգլերեն լեզվի քննություն, օրինակ՝ TOEFL կամ IELTS, անհրաժեշտ չէ հանձնել, ուղղակի բուհերը թեստի կամ հարցազրույցի միջոցով պետք է ստուգեն տվյալ ուսանողի լեզվի իմացությունը: Մրցույթի ընտրությունը կատարվում է երկկողմանի. այն իրականացնում են մայր և ընդունող բուհերը:

«2015-2020 թթ. ունեցել ենք 4814 երկկողմանի շարժունության հնարավորություն՝ ներառյալ ոչ միայն ուսանողներին, այլև ասպիրանտներին, դասախոսներին, բուհերի վարչական աշխատողներին: Ծրագրում ընդգրկված է 33 եվրոպական երկիր, իսկ Հայաստանին հատկացված շարժունության ընդհանուր դրամաշնորհը կազմում է շուրջ 16 մլն եվրո: Արտասահմանցի ուսանողներ ընդունող ամենամեծ բուհերն են՝ ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը և այլն: Եվրոպայից եկող դասախոսների և վարչական կազմի շարժունությունն ավելի մեծ է, քանի որ այն կարճաժամկետ է, կրեդիտների կուտակումը և ճանաչումը բարդ չեն, և, հետևաբար, հետաքրքրությունն էլ բավականին մեծ է»,- նշում է Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը:

Երկրորդ կրթաթոշակային ծրագիրը Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիրն է, երբ հայ շրջանավարտներն ուսումը Եվրոպայում շարունակելու ցանկություն են հայտնում: Այն հնարավորություն է տալիս ամբողջ մագիստրատուրան անցնել 2 և ավելի եվրոպական երկրներում, ինչի արդյունքում ուսանողը ստանում է հսկայական գիտելիք, եվրոպական տարբեր երկրների կրթական համակարգերում սովորելու փորձ և համատեղ կամ բազմակի դիպլոմներ, որոնք գործատուն բարձր է գնահատում և կարիերայի համար կարևոր խթաններ են: Կրթաթոշակը հոգում է բոլոր ծախսերը՝ ներառյալ ուսման վարձը, կեցության, ճամփորդական, գրադարանային և լաբորատոր ծախսերն ու ամբողջական ապահովագրությունը:

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունությանը դիմելու համար անհրաժեշտ է հետևել բուհի միջազգային կապերի բաժնի հայտարարություններին։ Ակադեմիական տարվա ընթացքում բուհերը կարող են հայտարարել շարժունության մի քանի մրցույթներ՝ ըստ մասնագիտական ծրագրերի և բարձրագույն կրթության մակարդակների՝ ուսանողներին հնարավորություն տալով մի շարք եվրոպական բուհերում մասնակցել փոխանակման տարբեր ծրագրերի։ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն գործողության մասին ընդհանուր տեղեկատվությունը հասանելի է Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կայքէջում:

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի դիմորդների հայտադիմումներն ընդունում են յուրաքանչյուր տարվա աշնանից։ Ծրագրերի մասին ընդհանուր տեղեկատվությունն ու դեպի ծրագրերի ցանկ հղումը հասանելի են հետևյալ հղմամբ:

Բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ ծրագրի նորություններին և թարմացումներին կարելի է հետևել Էրազմուս+ ազգային գրասենյակի կայքէջում ու սոցիալական էջերի միջոցով՝ www.erasmusplus.amhttps://www.facebook.com/neoarmhttps://twitter.com/ErasmusArmenia, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության escs.am կայքում և erit.am կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել