Քաղաքացին օգտվելով շքամուտքում լույս չլինելու հանգամանքից, փորձել է պոկել հարևանուհու պարանոցի ոսկյա շղթան. ոստիկանություն

Մարտի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ռումինական փողոցի 23-ամյա մի բնակիչ փորձել էր կողոպտել հարևանուհուն, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր կարողացել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանութունից:

Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Պարզվել է, որ նա մարտի 23-ի երեկոյան, օգտվելով շքամուտքում լույս չլինելու հանգամանքից, թիկունքից մոտեցել էր հարևանուհուն ու փորձել պոկել պարանոցի ոսկյա շղթան, սակայն կինը դիմադրել էր, օգնություն կանչել, ինչի հետևանքով հանցամիտը չէր կարողացել ավարտին հասցնել կողոպուտը և դիմել էր փախուստի:
Տուժողը մթության մեջ չէր ճանաչել հարևանին։ Իսկ երբ շենքում տարածվել էր լուրը, մյուսների հետ 23-ամյա երիտասարդն էլ էր շտապել հետաքրքրվելու հարևանուհու որպիսությամբ, նաև՝ ոստիկանություն դիմել է, թե՝ ոչ։
Բերման ենթարկված երիտասարդը խոստովանել է կատարածը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել