«Ընդհանուր առմամբ, ապաշրջափակումը ոչ միայն պետք է լինի Ադրբեջանի հետ, այլև ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենա, և կարծում ենք, որ այդ հնարավորություններն այս պահին կան»: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով այն հարցին, թե առաջ անվտանգության մեր կոնցեպտում Թուրքիան դիտվում էր որպես թշնամի, իսկ հիմա ինչպիսի՞ն է մեր կոնցեպտը, ինչպես է տեսնում մեր փոխհարաբերությունները:
Հարցին, թե ինչից է ենթադրում, որ այդ հնարավորությունները կան, և արդյոք մենք ունենք դիալոգ Թուրքիայի հետ, Գրիգորյանն ասաց որ ուղիղ դիալոգ չկա, բայց և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գոնե հրապարակային հայտարարություններ եղել են, և դրա հնարավորությունը կա:
Իսկ թե արդյոք մենք Թուրքիային համարում ենք թշնամի պետություն, ԱԽ քարտուղարն ասաց․ «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:
Նա նաև հավելել է, որ միանշանակ պնդել, թե որևիցե վտանգ չի գալիս Թուրքիայից, սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործողությունները նաև այլ հնարավորություններ են տալիս: