Դատախազությունը՝ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ-ի ակտի մասին

Դատախազությունը դիրքորոշում կհայտնի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ակտը ստանալուց ու ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը այսօր հրապարակեց դատարանի որոշումը։ Ըստ դրա՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվեց Սահմանադրության 78 (Համաչափության սկզբունք) և 79-րդ (Որոշակիության սկզբունք) հոդվածներին հակասող և անվավեր։

«Սույն որոշումը վերջնական է ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Դատավոր Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ»,-նշեց նա։ Որոշումը, ըստ սահմանված կարգի, 3 օրվա ընթացքում պետք է հրապարակվի ՍԴ պաշտոնական կայքէջում։

Փաստաբան Արմամ Վարդևանյանը հայտարարեց․ «Բարձր դատարանը մնաց իր բարձունքի վրա, սա նշանակում է, որ 300.1 հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այնպես էլ այս հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է։ ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Քրեական օրենսգրքում այլևս 300․1 հոդված չկա։ Չկա հոդված, չկա հանցանք»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 300.1 հոդվածով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել