Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի մարտի 17-ի դրությամբ` աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ավելի քան 120 միլիոն դեպք` ավելի քան 2 միլիոն մահվան ելքով: Պատվաստումը շարունակում է մնալ կարևոր գործիք` հիվանդության հետագա նոր դեպքերի ու մահերի կանխարգելման, ինչպես նաև համավարակի վերահսկման գործընթացում:
Առայսօր Եվրոպայում կիրառվել է ավելի քան 20 միլիոն դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ, իսկ Հնդկաստանում՝ ավելի քան 27 միլիոն դեղաչափ «Covishield» պատվաստանյութ («AstraZeneca» պատվաստանյութը Հնդկաստանի «Serum» ինստիտուտի կողմից է արտադրված):
Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովը (GACVS) 2021 թվականի մարտի 16-ի և մարտի 19-ի առցանց հանդիպումների ընթացքում քննարկել է «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստելուց հետո թրոմբոէմբոլիաների և թրոմբոցիտոպենիայի առաջացման վերաբերյալ առկա տեղեկատվությունն ու տվյալները:
Հանձնաժողովը վերանայել է կլինիկական փորձարկումների տվյալները և Եվրոպայի, Միացյալ Թագավորության, Հնդկաստանի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Vigibas»-ի գլոբալ տվյալների վրա հիմնված զեկույցները:
Հիմնվելով առկա տեղեկատվության մանրակրկիտ գիտական ուսումնասիրության վրա` հանձնաժողովը ներկայացրել է հետևյալ եզրակացությունները և առաջարկությունները.
- «AstraZeneca» պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը:
- Առկա տվյալները չեն ենթադրում, որ պատվաստանյութը կապված է արյան թրոմբոէմբոլիաների, խորը երակների թրոմբոզի կամ թոքային էմբոլիայի առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ: COVID-19-ի դեմ պատվաստումից հետո գրանցված թրոմբոէմբոլիաների դեպքերի թիվը համահունչ է բնակչության ընդհանուր պոպուլյացիայում սպասվող դեպքերի թվին: Դրանք կարող են զարգանալ նաև COVID-19-ի հիվանդության արդյունքում:
- Չնայած Եվրոպայում «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումից հետո հաղորդվել են թրոմբոցիտոպենիայի հետ զուգորդված շատ հազվագյուտ և եզակի հանդիպող գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի դեպքեր, սակայն հաստատված չէ, որ դրանք առաջացել են պատվաստման արդյունքում: Եվրոպական դեղերի գործակալության Դեղագործական հսկողության և ռիսկերի գնահատման հանձնաժողովն ուսումնասիրել է Եվրոպայում «AstraZeneca» պատվաստանյութով ավելի քան 20 միլիոն պատվաստումից հետո հաղորդված գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի 18 դեպք: Այս դեպքերի և պատվաստումների միջև պատճառահետևանքային կապ չի հաստատվել:
- Անհրաժեշտ է ապահովել համապատասխան դասընթացներ բուժաշխատողների և պատվաստվողների համար՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի պատվաստումներից հետո դիտվող հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև պատվաստված անձինք կարողանան ժամանակին ստանալ անհրաժեշտ ու անհետաձգելի բժշկական օգնություն և համապատասխան բուժում:
- Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովը (GACVS) երկրներին առաջարկում է շարունակել դիտարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգությունը և հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի մշտադիտարկումը:
- Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական (GACVS) հանձնաժողովը համաձայն է նաև Եվրոպական դեղերի գործակալության հետ` այս դեպքերի հետագա ուսումնասիրության և դիտարկման առումով:
Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովը (GACVS) կշարունակի ուսումնասիրել COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերի անվտանգության տվյալները և անհրաժեշտության դեպքում, կվերանայի առաջարկությունները: