Ազգային ժողովը այսօր՝ մարտի 25-ին, 2-րդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը:
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 112 կողմ ձայնով:
Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով այժմ պետական դավաճանության համար սահմանված է պատիժ՝ ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ըստ նախագծի առաջարկվում է խստացնել պատժաչափը՝ սահմանելով 15-20 տարի ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ, կամ առանց դրա, կամ ցմահ ազատազրկում:
302-րդ հոդվածով սահմանվում է լրտեսության համար պատիժը՝ 8-15 տարի ժամկետով:
Ըստ նախագծի՝ կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում: