Մարտի 21-ի երեկոյան տարբեր բուժհաստատություններից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են երկու տղամարդ։ Ախտորոշվել էին կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր. նրանց դանակահարել էին։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Բժշկական կենտրոններ մեկնած խմբերն օպերատիվորեն պարզեցին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Շուտով հայտնի դարձավ դեպքի վայրը։ Կենտրոնականի քրեական հետախույզները մեկնեցին Սարյան փողոցի թիվ 35 շենքի բակ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին այստեղ։ Իրականացված հարցումների արդյունքում ոստիկանության ծառայողները տեղեկություններ ձեռք բերեցին, որ մի խումբ անձանց միջև անհիմն վեճ է ծագել։ Պարզաբանումները հանգուցալուծվել են դանակահարությամբ։ Պարզվեցին մասնակիցների ինքնությունը, բնակության վայրերը, յուրաքանչյուրի դերակատարությունը։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների համադրմամբ ու վերլուծությամբ պարզվեց նաև կասկածվողի ինքնությունը։ Նա և մյուսները հայտնաբերվեցին ու մարտի լույս 22-ի գիշերը բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Մայրաքաղաքում բնակվող 21-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: