ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ: Գործող որոշման մեջ նշված չէ, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, ինչի արդյունքում մարզիկները և մարզիչները գումարը ստանում են որոշակի պահումներով: Հաշվի առնելով այս իրողությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է որոշման մեջ կատարել լրացում:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ այդմ՝ նախարարությունը մշակել և e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է վերոհիշյալ որոշման հավելվածի 3-րդ մասի 3-րդ կետը լրացնել 3.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «3.1. Նշանակված անվանական թոշակի չափը չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները»: Հաստատման դեպքում որոշումը տարածվելու է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Անվանական թոշակի տրամադրումը բարձր արդյունքների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին խրախուսելու և նոր նվաճումների խթան է: Նախագծի ընդունմամբ կլուծվի որոշմամբ նախատեսված թոշակի չափն անփոփոխ թողնելու հարցը. այդպիսով՝ հատկացվող գումարը չի նվազի:
Հաշվի առնելով, որ թոշակ ստացողների անվանական ցանկը հաստատվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ թոշակի հաշվարկային թիվը ևս կհաստատվի նշված հրամանով:
Հավելենք, որ հանրային քննարկումը նախատեսված է մինչև ապրիլի 9-ը: Շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները կարող են այդ ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները և դիտողությունները: