Ազգային ժողովն այսօր՝ մարտի 24-ին, առաջին ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության տարիքային շեմը։
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով նախագիծը նշեց, որ դրա անհրաժեշտությունն առաջացել է, երբ իրենց դիմել են պատերազմի մասնակից, կռվի փորձ ունեցող, առողջ անձիք, որոնց տարիքը բարձր է 45-ից։
Նրա խոսքով, սկազբում առաջարկվել է տարիքային շեմը բարձրացնել մինչև 63 տարեկան։
«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած տարիքային շեմ, որը բարձր է 45-ից. օրինակ՝ դարձնել 55 կամ 58, բայց տալ հնարավորություն այն մարդկանց, որ պատերազմի մասնակից են և սահմանամերձ գյուղերում կարող են ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության մեջ և աշխատավարձ ստանալ, պաշտպանել իրենց համայնքը, ինչը հիմա անում են անվճար»,- ասաց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանը նշեց նաև, որ սա կարող է նաև հետ պահել արտագնա աշխատանքի մեկնելու խնդրից։