Մարտի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի պաշտոնակատար Շարբել Ուեյբեի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխվստահության և սերտ բարեկամության վրա հիմնված հայ-լիբանանյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծվեց երկու երկրների պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման համար:
Այս համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը Լիբանանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և զգալի ներդրումը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում:
Կարևորվեց Հայաստանի և Լիբանանի փոխադարձ աջակցությունն ու համագործակցության սերտացումը նաև միջազգային կառույցների շրջանակներում:
Արտգործնախարարներ Այվազյանը և Ուեյբեն հանգամանալից անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքներին` առանձնահատուկ մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից վարձկանների և զինյալ ահաբեկիչների ռազմական գործողությունների գոտի տեղափոխման առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ: