Որևէ իրավական կազուս չկա, Օնիկ Գասպարյանը ազատված է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից, իսկ Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նախարարը խորհուրդ տվեց սահմանադրական անվտանգության շրջանակներում վերլուծել, թե ինչ է նշանակում «իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում»։
«Վարչապետի հայտարարությունը ընդամենը արձանագրում է, նա ոչ մի լրացուցիչ գործողություն չի անում։ Սահմանադրությունը նշում է, որ երբ համապատասխան առաջարկ է ներկայացվում, այնուհետև այդ առաջարկը գիտեք, որ առարկություններով նախագահի կողմից վերադարձվել է և վարչապետի կողմից չի ընդունվել։ Ընդ որում՝ առաջարկին կցվում է նախագահի հրամանագրի նախագիծը։ Հաջորդ դրույթը ասում է, որ եթե նախագահը չի դիմում ՍԴ կամ չի ստորագրում հրամանագիրը, ապա այն իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ։ Օրենսդրական կարգավորման համաձայն՝ վարչապետը պետք է հայտարարություն տարածեր»,-նշում է Բադասյանը։
Նախարարը նշում է, որ գործադիրը իրավունք չունի չիրականացնել այն, ինչ նախատեսված է Սահմանադրությամբ։
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության նախագահը որոշել էր չստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:
«Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հանրապետության նախագահը, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակելու է իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը և կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով»,-ասված էր հայտարարության մեջ: