Մարտի 14-ին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում դանակահարություն էր եղել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց ժամը 15-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ որովայնի կտրած-ծակած վերքով 26-ամյա մի երիտասարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն արձանագրեցին, որ տուժողը Այգեշատում էր վնասվածք ստացել։ Սակայն նրանից կատարվածի հանգամանքները պարզելն անհնար էր. ի վիճակի չէր բացատրություն տալու։
Բժշկի հետ զրուցելուց հետո իրավապահները մեկնեցին Այգեշատ։ Պարզվեց՝ դեպքը գյուղի բենզալցակայանում էր եղել։ Վնասվածք ստացողն այնտեղ էր աշխատում։ Ավելի ուշ, դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ, պարզ դարձավ նաև, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել էր բենզալցակայանի տիրոջ 32-ամյա որդին։
Կասկածվողը Երևանում էր բնակվում։
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 15-ին նա ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվեց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հայտարարության մեջ: