«Լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել իմ դեմ՝ Առաջին ատյանի դատարան՝ զրպարտության վերաբերյալ և պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում, այլ մանրամասներ չգիտեմ, քանի որ հայցի օրինակը չեմ ստացել և դատարանը դեռ որոշում չի կայացրել այդ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ»,- այսօր՝ մարտի 19-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ իր դեմ ուղղված մեղադրանքին։
Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նաև նշել է, որ այս դեպքը բացառիկ է, քանի որ պարտված ղեկավարը, ում երկրում առկա են բազում խնդիրներ՝ շուրջ 2000 անհետ կորածներ, 5000 և ավելի զոհեր և այլն, շեղվելով իր բուն գործընթացից դատական հայց է ներկայացնում իր քաղաքական հակառակորդների դեմ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ: Նիկոլ Փաշինյանը պահանջել է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և զրպարտության համար նախատեսված փոխատուցում բռնագանձել: Հայցադիմումը ստացվել է մարտի 12-ին և մակագրվել դատավոր Նաիրա Ավետիսյանին: