Մարտի 18-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
«Որպես «Կանանց հարցերով խորհրդի» նախագահ՝ փոխվարչապետը հավաստել է Հայաստանի հանձնառությունը սեռերի միջև հավասարության ապահովման և խտրականության վերացման ուղղությամբ: Նա ներկայացրել է 2019-2023թթ. Հայաստանի՝ սեռերի միջև հավասարության քաղաքականության ռազմավարությունը: Տիգրան Ավինյանը նաև ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության թիրախավորման հարցի վրա՝ կարևորելով Արցախի «քաղաքացիական բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը նաև կանանց և աղջիկների կենսական կարիքները հոգալու համար»:
Փոխվարչապետի ամբողջական ելույթը՝ ստորև:
«Հարգելի նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ «Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի» 65-րդ նստաշրջանում: Նիստի առանցքային թեման հնարավորություն է ընձեռում մանրակրկիտ քննարկելու առկա անհավասարություններն ու խտրականությունը, որոնց առերեսվում են կանայք քաղաքական և հասարակական կյանքում, ինչպես նաև համավարակի ազդեցությունը կանանց նկատմամբ բռնության մակարդակի վրա, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը:
Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը Հայաստանի հիմնարար գերակայություններից մեկն է, որը նաև հանդիսանում է 2020-2022թթ. Մարդու իրավունքների խորհրդին Հայաստանի անդամակցության հիմնական կռվանը:
Այս համատեքստում, օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ, Հայաստանում այժմ իրականացվում է սեռերի միջև հավասարության խթանմանն ուղղված ծրագրերի լայն շրջանակ: Հայաստանի 2019-2023թթ. սեռերի միջև հավասարության հաստատման քաղաքականության ռազմավարությունը սահմանում է կառավարության առաջնահերթությունները` սեռերի միջև հավասարության հասնելուն միտված որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև գիտության, կրթության և սոցիալ-տնտեսական ոլորտներում կանանց հավասար մասնակցության ապահովման ուղղությամբ:
COVID-19 համավարակի արձագանքման և վերականգնման ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը ձեռնարկել է նպատակաուղղված գործողություններ` մեղմելու ճգնաժամի հետևանքներն առավել խոցելի խմբերի համար` հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և աղջիկների կարիքներին:
Հայաստանում սեռերի միջև հավասարության քաղաքականության իրականացումը ազգային, մարզային և համայնքային մակարդակներում դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Որպես համակարգող մեխանիզմ` Հայաստանի Հանրապետության կանանց հարցերի խորհուրդը հանձնառու է ապահովելու կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացներին: Ընդգծելով Կայուն զարգացման նպատակներ-5 ծրագրի նշանակությունը և դրա հիմնական թիրախները` Հայաստանը նաև բարեփոխումներ է իրականացրել` տնտեսական ռեսուրսներին կանանց համար հավասար հասանելիություն ապահովելու և կանանց տնտեսական կարողությունների հզորացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ սանձազերծված վերջին ագրեսիան գոյաբանական սպառնալիք է առաջացրել Արցախի բնակչության համար՝ նրանց պաշտպանության հարցը դարձնելով հրատապ գերակայություն: Ադրբեջանի ոչ խտրական և անհամաչափ ռազմական հարձակումները, գնդակոծությունները և ռմբակոծությունները հանգեցրել են քաղաքացիական զոհերի ու զանգվածային տեղահանությունների և մեծ վնաս են հասցրել տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ներառյալ՝ ծննդատներին ու առողջապահական այլ հաստատություններին:
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիությունը չափազանց կարևոր է կանանց և աղջիկների կենսական կարիքները հոգալու համար: Անհրաժեշտ է անհապաղ իրականացնել սոցիալական և վերականգնման անհատական ծրագրեր հակամարտության արդյունքում տուժած բոլոր կանանց, այդ թվում` այն կանանց համար, ովքեր ստիպված են եղել փախչել Հայաստան:
Մարդասիրական մեկ այլ հրատապ խնդիր է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների, այդ թվում` Ադրբեջանի կողմից պատերազմի և հետպատերազմյան շրջանում գերեվարված կանանց անհապաղ վերադարձը:
Հարգելի պատվիրակներ,
Հայաստանը կշարունակի նորարարական մոտեցումներ ցուցաբերել կանանց իրավունքների խթանման և սեռերի միջև հավասարության հասնելու հարցում:
Որպես «Սերունդների հավասարության» ֆորումի «Տեխնոլոգիա և նորարարություն հանուն սեռերի միջև հավասարության» գործողությունների կոալիցիան առաջնորդող երկիր՝ Հայաստանը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ սեռերի միջև հավասարությունը խթանելու համար:
Հայաստանը հանձնառու է հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովմանը, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը` վերափոխումներ իրականացնելու և ավելի լավ աշխարհ կառուցելու, ինչպես նաև գալիք սերունդների համար պայծառ ապագա կերտելու համար»»,- ասված է հայտարարության մեջ: