Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանում ներկայացրել է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է գործող օրենքի 50-րդ հոդվածում կատարել լրացում՝ որպես դատական սանկցիայի նոր տեսակ նախատեսելով որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը: Ըստ այդմ, որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման պայմանների սահմանումն է:
Նախագծի փաթեթում ներառված ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի 3-րդ հոդվածներով առաջարկվում է սահմանափակման ենթակա իրավունքների շարքում ներառել միջնորդություն հարուցելու, բացարկ հայտնելու, ապացույցներ ներկայացնելու, վարույթի նյութերին ծանոթանալու, բացման խոսքով, եզրափակիչ ելույթով կամ եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալու, քրեական դատավարության օրենսգրքի մասով՝ նաև պաշտպանից հրաժարվելու և պաշտպանի լիազորությունները դադարեցնելու իրավունքները:
Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 18.1-18.6-րդ կետերով: Ըստ այդմ, ԲԴԽ-ն ստանում է լիազորություն առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով և ելնելով արդարադատության շահերից, իրավասու դատարանի համապատասխան մասնագիտացման (ենթամասնագիտացման) դատավորների կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը եւ այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելու դրսևորած հմտությունները: Ավելին, ԲԴԽ-ն ստանում է լիազորություն՝ վերցնելու վերը նշված չափանիշներին համապատասխանող գործը այն դատավորներից, որոնք դրսևորել են նման գործեր քննելու իրենց մոտ անհրաժեշտ հմտությունների բացակայությունը:
Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է լրացնել դատավորի՝ էական համարվող կարգապահական խախտումների շրջանակը: Որպես այդպիսին նախատեսվում է համարել նաև դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված այն խախտումները, որոնք հանգեցրել են.
ա. արդարադատության շահի կոպիտ ոտնահարման՝ առաջացնելով անդառնալի հետեւանքներ.
բ. կասկածյալի, ﬔղադրյալի, ամբաստանյալի կամ դատապարտյալի՝ քրեական վարույթից կամ քրեական պատասխանատվությունից խուսափելուն:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, արդարադատության նախարարից և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք ունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք, և պահպանված են սահմանված ժամկետները: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:
Նախագծով սահմանվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացվող դիմումի նախնական ուսումնասիրության ընթացակարգ ԲԴԽ-ում, իսկ դիմումն ընդունվում է քննության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշմամբ, եթե դիմումն ակնհայտ անհիմն չէ, կամ առկա չեն սույն օրենսգրքի 156-րդ հոդվածով նախատեսված դիմումի քննությունը մերժելու այլ հիմքեր:
Մանրամասները՝ տեսանյութում։