Կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը. ՇՄՆ

Կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից:

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց 2020-ի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը:
Ըստ այդմ՝ հաշվետու տարում Արարատի եւ Արմավիրի մարզերում իրականացվել են 2 խորքային հորի լուծարման եւ 4-ի կոնսերվացման աշխատանքներ: Փականային ռեժիմի է բերվել 29 խորքային հոր:

Խնայվել է 1 500-ից ավելի լ/վրկ ջուր: Ձեւակերպվել է նոր 190 ջրօգտագործման թույլտվության հայտ՝ ձկնաբուծության, ոռոգման, խմելու ջրի եւ արդյունաբերական նպատակով: Մերժվել է փոքր հէկերի կառուցման 14 հայտ: 12 փոքր հէկի ջրառի կետերում տեղադրվել եւ կնքվել են առցանց ջրաչափեր: Առայսօր 152 փոքր հէկերից 111-ում տեղադրվել եւ կնքվել է 145 առցանց ջրաչափ:

Սեւանա լիճ-Արփա-Սեւան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 205 մլն խորանարդ մետր ջուր, ինչը 46 մլն-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության ծրագրի շրջանակներում լիճ է բաց թողնվել շուրջ 630 000 մանրաձուկ, որից շուրջ 600 000-ը` գեղարքունի, իսկ 30 000-ը՝ ամառային իշխան տեսակի:

Կատարվել է 204 տոննա սիգի արդյունաբերական որս: Միջոցառումներ են իրականացվել՝ արգելելու համար սիգի ապօրինի որսը: Նշվեց, որ այստեղ խնդիրները շատ են. կարիք կա վերացնել օրենսդրական բացերը:
Պատգամավոր Սարիկ Մինասյանը բարձրացրեց թափառող շներից քաղաքացիների պաշտպանության հարցը: Նշվեց, որ մարդկանց համար վտանգավոր են նաեւ ստերջացված շները, ինչի առնչությամբ Տիգրան Սիմոնյանը պարզաբանեց, որ այդ հարցի կարգավորումը նախարարության տիրույթում չէ: Փոխնախարարը համաձայնեց, որ խնդիր, իրոք, կա, եւ անհրաժեշտ է, որ համապատասխան մարմինները հրատապ կարգով լուծում գտնեն:

Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ 2020- ին իրականացվել են մի շարք բնապահպանական ծրագրեր:
Մասնավորապես, արգելվել է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը, ընդունվել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների աստիճանական նվազեցման մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա շնորհիվ 2022-ից կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել