Զորակոչից խուսափածներին հնարավորություն կտրվի հայրենիք վերադառնալ և ազատվել քրեական պատասխանատվությունից

Հայաստանի այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է և որոնք չեն ծառայել զինված ուժերում, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավոր է համաներվեն` հնարավորություն ստանալով հայրենիք վերադառնալ:

Պատգամավորների և կառավարության մասնակցությամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին առանց որևէ նախապայմանի վերադառնալ հայրենիք:

Նախնական նախագծի համաձայն՝ մեկ տարի ժամանակ է տրվել ՀՀ վերադառնալու համար, որի դեպքում  քրեական հետապնդումից կազատվեն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել էր կառավարությանը՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, ում մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը։

Կառավարությունը Մարուքյանի առաջարկը մերժել էր։

Այնուհետև, Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արման Բաբաջանյանը օրենսդրական նախագիծ ներկայացրեցին պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած, 27 տարին լրացած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների համար։ Հենց նշված նախագիծն էլ քննարկվել է կառավարության հետ և մշակվել նոր փաթեթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել