Համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 18-ամյա երիտասարդին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համաքաղաքացին է: Այս մասին հյատնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. փետրվարի 23-ին` ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Գորիս քաղաքի Գր.Տաթևացի փողոցում գործող սրճարանի դիմաց Գորիս քաղաքի 18-ամյա բնակիչը խոսակցություն է ունեցել համաքաղաքացու հետ, որի ժամանակ հայհոյանքներ տալու կապակցությամբ միջամտել է մեկ այլ համաքաղաքացի:

18-ամյա երիտասարդը, իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով դրդված՝ խուլիգանական դրդումներով, խոսակցությանը միջամտած համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարևոր օրգաններին` դեմքի, կրծքավանդակի, որովայնի և մարմնի այլ մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. համաքաղաքացին անմիջապես տեղափոխվել է «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 18-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ)2-րդ մասի 10-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել