Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից անցկացվելիք լայնամասշտաբ զորավարժությունների փաստի վրա

Մարտի 11-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստի ընթացքում ՀՀ առաքելության կողմից հերթական անգամ բարձրացվեց «Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան» վերնագրով ընթացիկ հարցը: Այս մասին հյատնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց խնդրին՝ ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում ընդգծեց, որ հայատյացության և պետական մակարդակով տարածվող հակահայկական քարոզի պայմաններում, նրանց առողջությանը և կյանքին սպառնացող վտանգներն առավել քան իրական են: Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների ազատ արձակման պահանջը՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ նշելով, որ այդ քայլը չի փոխադարձվել Ադրբեջանի կողմից, ով շարունակում է կոպտորեն անտեսել ռազմագերիների ազատ արձակման դրույթը՝ ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ուստի, ռազմագերիների հարցին անդրադառնալիս, անընդունելի համարվեցին երկու կողմերին ուղղված ընդհանրական և անհասցե կոչերը:

Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հանդեպ հնչեցվող տարածքային նկրտումների համատեքստում դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրեց մարտի 15-ից 18-ը Ադրբեջանի կողմից անցկացվելիք լայնամասշտաբ զորավարժությունների փաստի վրա: Դեսպանն ավելացրեց, որ պատերազմական գործողությունների դադարից հետո անցկացվող թվով 3-րդ չծանուցված զորավարժությունները հանդիսանում են անվտանգության իրական սպառնալիք, ուստի ԵԱՀԿ համար պետք է ծառայեն՝ որպես հնարավոր հակամարտության վաղ նախազգուշացման ազդակ:

Ելույթի ընթացքում նաև անդրադարձ եղավ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների խնդրին և Թուրքիայի ապակառուցողական դերակատարությանը: Մանրամասն տեղեկատվություն ներկայացվեց Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության և, մասնավորապես, Մեծ հայրենական պատերազմի հերոսների արձանների և հուշակոթողների ոչնչացման մասին»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել