ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Վանաձորի, Դիլիջանի, Արագածի, Ստեփանավանի, Սևանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ, Տաթև-Աղվանի և Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Կարախաչ-Լուսաշող ճանապարհահատվածը, Սիսիանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Ապարանի, Սևանի (Ծովագյուղից մինչև Շորժա) տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում բուք է։
Գավառի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։