Ծաղկաձորի քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Ալմաքար» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերության՝ խնդրելով պատասխանող «Ալմաքար» ՍՊ ընկերությունից հօգուտ Ծաղկաձորի քաղաքապետարանի բյուջեի բռնագանձել 3.336.420 ՀՀ դրամ գույքահարկը, ինչպես նաև 66.729 ՀՀ դրամ՝ վճարված պետական տուրքի գումարը։
Հայցվորը դատարան ներկայացրած հայցադիմումով և դատաքննության ընթացքում հայտնել է, որ պատասխանող «Ալմաքար» ՍՊ ընկերությանը 06.06.2003 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Ծաղկաձոր քաղաքում գտնվող երկու հեկտար մակերեսով հողամաս և հասարակական նշանակության շինություն` պանսիոնատ, որի կադաստրային արժեքը 29.01.2004 թվականի դրությամբ կազմել է 127198000 ՀՀ դրամ։ Պատասխանողը 2005 թվականից մինչև օրս չի վճարել գույքահարկ։
Դատաքննությամբ պարզվեց, որ պատասխանողը 2005-2010թ.թ. գույքահարկի գումարները օրենքով սահմանված ժամկետներում չի վճարել, որի հետևանքով այդ գումարների նկատմամբ 01.02.2011 թվականի դրությամբ հաշվարկվել է 1.093.490 ՀՀ դրամ տույժ։ 2012 թվականի ապրիլի 28-ին ուժի մեջ է մտել «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-93-Ն օրենքը։
«Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Հողի հարկ և գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չվճարված գույքահարկից և հողի հարկից, ինչպես նաև այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից»։
Դատարանի եզրահանգմամբ՝ տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքում գտնվող շինության համար չի վճարվել գույքահարկի մասով հաշվարկված ապառքի գումարները, ուստի պատասխանողից ենթակա է բռնագանձման 2008-2010թ.թ. ներառյալ հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված գույքահարկի ապառքը և տույժերը, որը կազմում է՝ ապառքի մասով 1.144.800 ՀՀ դրամ, տույժի մասով 492.264 ՀՀ դրամ, իսկ մնացած պարտավորությունների մասով, որոնք առաջացել են մինչև 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, պատասխանողն ազատվում է գույքահարկի ապառքի և հաշվարկված տույժերի գումարները վճարելու պարտավորությունից:
Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակիորեն։ Պատասխանող «Ալմաքար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Ծաղկաձորի քաղաքապետարանի բռնագանձել 1.637.064 (մեկ միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար վաթսունչորս) ՀՀ դրամ, որպես գույքահարկի գումար:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: