Մանկապարտեզ ընդունվելու հերթերում սպասում է աննախադեպ մեծ թվով՝ ավելի քան 12000 երեխա․ փոխքաղաքապետը մանրամասնում է

Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առավոտից լրատվամիջոցները տարածում են դեղին մամուլում տպված մի հոդված, որի համաձայն, իբր, քաղաքապատերանի եւ անձամբ քաղաքապետի «անգործության հետևանքով տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվել»։

Սույնի վերաբերյալ արձանագրում եմ, որ Երևանի քաղաքապետարանը քանիցս պարզաբանում հրապարակել է մանկապարտեզներում ընդունելության սահմանափակման խնդրի վերաբերյալ։ Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ անդրադառնալ հարցին։

ՀՀ առողջապահության նախարարի 4 օգոստոսի 2020 թ. թիվ 17-Ն հրամանի համաձայն՝ ներկայումս մանկապարտեզներում երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպվում է բեռնաթափված խմբերով՝ առավելագույնը 20 երեխայի թվով՝ ապահովելով երեխաների միջև առնվազն 1 մետր սոցիալական հեռավորություն։ Այս սահմանափակման պատճառով, հաշվի առնելով նաև մանկապարտեզներում խմբասենյակների տարածքները, ներկայումս մանկապարտեզ հաճախում է շուրջ 19000 երեխա, իսկ հերթերում սպասում է աննախադեպ մեծ թվով՝ ավելի քան 12000 երեխա։

Հարկ է նշել, որ խմբերում երեխաների ընդգրկվածության վերաբերյալ սահմանափակումները որոշ չափով թեթևացվել են մեկ ամիս առաջ՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքում։ Ըստ այդմ՝ համապատասխան տարածքային պայմաններ ունեցող խմբերում վերջին ամսում կազմակերպվել է որոշ քանակով երեխաների ընդունելություն։

Մանկապարտեզներում բնականոն աշխատանքին վերադառնալու հարցը պայմանավորված է միմիայն կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով սահմանված՝ վերոնշյալ սանիտարական կանոնները պահպանելու անհրաժեշտությամբ։

Երևանի քաղաքապետը այս խնդրով մի շարք գրություններ է հղել ՀՀ առողջապահության նախարարին՝ առաջարկելով մեղմացնել խմբերում երեխաների ընդգրկվածության վերաբերյալ սահմանափակումները։

Վերջինը՝ 25.02.2021 թվականին, որի կապակցությամբ սպասում ենք լիազոր մարմնի պատասխանին։

Երևանի քաղաքապետարանը քաջ գիտակցում է խնդրի ծանրությունը և իր լիազորությունների սահմաններում ամեն ջանք գործադրում է այս հարցն ուշադրության կենտրոնում պահելու և հավասարակշռված լուծումներ գտնելու համար։

Լրատվամիջոցներին հորդորում եմ ակնհայտ ստերով լեցուն հոդվածներ արտատպելուց առաջ նվազագույն ճշտումներ անել՝ հանուն առանց այդ էլ մտահոգ ծնողների նկատմամբ լրագրողական բարեխղճության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել