ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևան քաղաք ապօրինի փոխադրելու նպատակով, Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել էր իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, սակայն ճանապարհին հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ նշված ավտոմեքենայի զննությամբ: Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել էր, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:
Նշված քրեական գործից անջատված մասով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել են այլ հանցադրվագներ ևս, պարզվել հանցավոր շղթայում ընդգրկված անձանցից ևս 5-ի ինքնությունը, թմրամիջոցների ձեռք բերման, իրացման մեխանիզմը, թաքստոցները:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի՝ հիշյալ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել են նաև այլ անձանց միջոցով:
Մասնավորապես պարզվել է, որ Կոտայքի մարզի՝ 1987թ. ծնված բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով վերջինս Հայաստանի տարածքով պետք է տեղափոխեր թմրամիջոց: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ 2878 գրամ «Ափիոն», 995 գրամ քաշով «Մեթամֆետամին», 751,27 գրամ քաշով «Հերոին» և 2888 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ:
Բացի այդ, տվյալներ են ստացվել նաև ԻԻՀ-ից Հայաստանի Հանրապետություն թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ ԻԻՀ-ից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով՝ 112,5 գրամ «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:
Նախաքննության ընթացքում տեղեկություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստանի Հանրապետություն: Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական ոտիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներ, որի ընթացքում հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում. պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հինգ անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: