Շատերից եք լսել, որ COVID19-ի միջին կամ ծանր ընթացքից հետո մարդկանց մոտ որոշակի ախտանշաններ են մնում: Հիվանդանոցային բուժումից հետո հևոցը հաճախակի հանդիպող երևույթ է:
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռիսկերի հաղորդակցության խորհրդատու Անժելա Կժդրյանը։
«Այս դիրքերը կօգնեն Ձեզ կարգավորել այն:
Պառկեք կողքի
Շրջվեք կողքի, գլխի տակ բարձեր շարեք, գլուխն ու վիզը հարմարեցրեք բարձերին, ծնկները փոքր-ինչ ծալեք:
Գլուխը կախեք
Նստեք սեղանի մոտ, թեքվեք առաջ՝ դեպի սեղանը։ Գլուխը հենելով բարձին, ձեռքերը դրեք սեղանին: Կարող եք փորձել նաև առանց բարձի կամ աթոռի օգնության՝ ձեռքերը դնելով ազդրերին:
Հենվեք առաջ
Կանգնած դիրքից թեքվեք և հենվեք պատուհանագոգին կամ որևէ այլ կայուն մակերեսին:
Հենվեք հետ
Կանգած ժամանակ մեջքը հենեք պատին, ձեռքերն ազատ թողեք: Պատից կես քայլ առաջ եկեք՝ ոտքերը պահելով ուսերի լայնությամբ:
Եթե շնչառությունը կտրուկ վատթարանա և այս դիրքերն ու տեխնիկան չօգնեն, դիմեք Ձեր բժշկին:
Իսկ չվարակվելու համար՝
- Դրեք դիմակ
- Պահպանեք ֆիզիկական հեռավորություն
- Լվացեք կամ ախտահանեք ձեռքերը:
Սրանք աշխատող մեթոդներ են»,-նշել է նա։