Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրենսդրական փաթեթում կատարվել են որոշ փոփոխություններ․ «Ըստ օրինագծի՝ ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և ընտրված ռեկտորը հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Ռեկտորն ընտրվում է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու պարագայում»։
Վահրամ Դումանյանը նշեց, որ փոփոխություններ են կատարվել նաև բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի վերաբերյալ․ «Առաջարկվում է հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը»։
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական: Նախարար Վահրամ Դումանյանն Ազգային ժողովին առաջարկեց օրենսդրական փաթեթը տեղափոխել առաջինից երկրորդ ընթերցման փուլ, որտեղ հնարավոր կլինի քննարկել օրինագծի վերաբերյալ առկա այլ առաջարկները:
Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի փետրվարի 11-ի նիստում՝ 77 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով: