Հայաստանի Հանրապետության տարածքում հարկ վճարողները պարտադիր հաշվառվում են հարկային մարմնում: Հարկ վճարողների հարկային հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը:
Հայաստանի Հանրապետությունում գործում է հարկ վճարողների հարկային հաշվառման միասնական համակարգ:
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված է ութանիշ թվից և ենթակա չէ փոփոխման:
Հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների, իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով: Հարկ վճարողի հաշվառման համարը նրա նույնականացման կոդն է:
Աղբյուրը` Իրավաբան.net