Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով:
Ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ գործերը քննվում են ծնողներից մեկի (օրինական ներկայացուցչի), ինչպես նաև այն մարմինների ու կազմակերպությունների (խնամակալության և հոգաբարձության մարմինների, որբ երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված կազմակերպությունների և այլնի) դիմումի հիման վրա, որոնց վրա դրված են երեխաների իրավունքների պաշտպանության պարտականությունները:
Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:
Եթե դատարանը ծնողական իրավունքներից զրկելու գործը քննելիս ծնողների կամ նրանցից մեկի գործողություններում հայտնաբերում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա այդ մասին պարտավոր է տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին:
Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:
Աղբյուրը` Իրավաբան.net