«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմինը հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ծայրահեղ իրավիճակը` երկրի զինված ուժերին, ուժային բոլոր կառույցներին կոչ է անում գործել բացառապես սահմանադրականության և օրինականության շրջանակներում։
Սահմանադրությամբ չնախատեսված որևէ քայլ և գործողություն համարում ենք ոտնձգություն ընդդեմ Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և պետականության։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես պետության գլուխ, ստեղծված իրավիճակը բացառապես սահմանադրականության և օրինականության հուն տեղափոխելու և գործընթացներն անցնցում հանգուցալուծելու համար պետք է անհապաղ ձեռնարկի բոլոր կողմերի միջև և նրանց հետ քաղաքական խորհրդակցություններ։
Ազգային ժողովը պետք է անհապաղ գումարի արտահերթ նիստ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու բացառապես քաղաքական եղանակները և հանդես գա իրավիճակը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելու վերաբերյալ հայտարարությամբ։
Մեր երկրի առջև արտաքին և ներքին մարտահրավերները պահանջում են որպեսզի քաղաքական ուժերը իրենց պատասխանատվության բարձր գիտակցմամբ ստանձնեն Հայաստանում ժողովրդավարության և սահմանադրության պաշտպանության դերը։ Քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարել բացառապես օրինականության և սահմանադրականության ճանապարհով։
Մեր ժողովուրդը պետք է զինվի իմաստնությամբ և ստանձնի մեր պետականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության սրբազան առաքելությունը»։
Ավելի վաղ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նա իր կողմնակիցների հրավիրել է Հանրապետության Հրապարակ՝ նրանց հետ խոսելու համար։
Նա նշեց, որ երեկ և այսօր որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։
«Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Տեղի ունեցած ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և հարցերի ես ինքս կպատասխանեմ։ Եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»,-նշեց նա։
Այժմ Փոքր Կենտրոնը մարդաշատ է։