Ադրբեջանը դեռ շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները, ինչպիսիք են՝ ռազմագերիների վերադարձը, հումանիտար աջակցության տրամադրումը. Արա Այվազյան

Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպմանը, որը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին հանդիպումը նախաձեռնելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ առիթ է անդրադառնալու բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ ագրեսիան մասամբ արդյունք է բազմակողմանիության ճգնաժամի և միջազգային աշխարհակարգի ձախողման՝ կանխելու ուժի կիրառումը անպատասխանատու դերակատարների և նրանց աջակիցների կողմից: «Կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և ամբողջովին անտեսելով բազմակողմանիության առանցքային սկզբունքները` Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց՝ դրանով իսկ նաև ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը:

Արձանագրվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ բնապահպանական բնույթի։ Այս ագրեսիայի սոսկալի հետևանքները դեռ պետք է հասցեագրվեն, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները, ինչպիսիք են՝ ռազմագերիների վերադարձը, հումանիտար աջակցության տրամադրումը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը»:

Իր խոսքում Արա Այվազյանն անդրադարձավ նաև արհեստական բանականության ռազմական կիրառման խնդրին, մասնավորապես, նշելով, որ առաջատար տեխնոլոգիաների օգտագործումը «մարդասպան ռոբոտների» կամ դրոնների ստեղծման նպատակով կործանարար հետևանքների է հանգեցրել. «Ադրբեջանն օգտագործեց այդ տեխնոլոգիաները ռմբակոծելու հայկական պատմական քաղաք Շուշիի եկեղեցին և ծննդատունը՝ ի թիվս Արցախում գտնվող այլ քաղաքացիական ենթակառուցվածքների: Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ արհեստական բանականության ռազմական կիրառման նկատմամբ միջազգային վերահսկողությունը պետք է առաջնահերթություն դառնա»:

Առցանց հանդիպման օրակարգային հարցերից էին COVID-19 համավարակի և կլիմայական փոփոխությունների հասցեագրման ուղիները: «Հայաստանը շարունակելու է սատարել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ հասցեագրելու այս և այլ գլոբալ մարտահրավերները»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել