Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել․ պաշտպան

«Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը հայտնում է․

«Իմ վստահորդ Կարեն Բեքարյանը ներկայումս ձերբակալված է արդեն բոլորին հայտնի գործով: Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը գիշերը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայտարարում եմ, որ իմ վստահորդ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել, եթե որևէ բան ասելու խնդիր է ունենում, միշտ ասում է սեփական դեմքով՝ առանց թաքնվելու որևէ ֆեյքի հետևում:

Ինչ վերաբերում է նրան վերագրվող արարքների իրավական կողմին, ապա ձերբակալման հիմք հանդիսացած՝ Քրեական օրենսգրքի հոդվածների մի մասն իրավական որոշակիության տեսանկյունից լրջագույն խնդիրներ ունի, ինչի պայմաններում Կարեն Բեքարյանին ազատությունից զրկելն ընդհանրապես հնարավոր չէ»։

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Բեքարյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 307.4-րդ-ի հատկանիշներով․ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ նշել է․ «Նրանց ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար։ Ու մեկ էլ – հոպ! – 10 րոպե առաջ նշված ֆեյքը գրառում է կատարում»։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը,  «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը։

Մհեր Ավագյանի փաստաբան Միքայել Շխիմյանը հայտնել էր․ «Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձևով, Իմ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին, ով ԱԱԾ շենք էր եկել իմ ուղեկցությամբ, ում որդին 44-օրյա պատերազմի մասնակից է և հիմա էլ շարունակում է իր զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով ՀՀ սահմանները Նախիջևանի հատվածում։

Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել