Արտակարգ ալիքը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես պետք է վարվել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո, որտեղ ասվում է․
«Ինչպե՞ս նախապատրաստվել երկրաշարժին
Ճշտեք տան, դպրոցի կամ աշխատավայրի ամենաանվտանգ հատվածները՝ ցնցումների ժամանակ պատսպարվելու համար։ Պատուհաններն ազատեք մետաղյա ճաղաշարերից կամ ծայրահեղ դեպքում դրենք պատուհաններին ամրացրեք։ Հիշեք, որ դրանք ձեր պահեստային ելքերն են։ Իսկ եթե փայտե դռները փոխարինել եք երկաթյա դռներով, նկատի ունեցեք, որ դրանք ճկվելու են և հեշտ չեն բացվելու։
Ելքերն ու մուտքերն ազատեք մեծածավալ առարկաներից։
Կահույքն ու ծանր սարքերը հուսալիորեն ամրացրեք պատերին կամ հատակին։
Նուրբ էլեկտրոնային սարքերը կամ ծանր առարկաները մի դրեք վերևի դարակներին։
Մահճակալները տեղադրեք շինության կրող պատի մոտ, պատուհանից հեռու։
Մահճակալի վերևում գրադարակ կամ ծանր շրջանակով նկար երբեք մի կախեք։
Դյուրավառ և թունավոր հեղուկներով անոթները, գազի գլանոթը հուսակիոքրեն ամրացրեք հատակին կամ պատին։
Նախապես մշակեք և լավ կանեք, որ մի քանի անգամ փորձարկեք հնարավոր երկրաշարժի ժամանակ ձեր գործելակերպը։
Նախապես որոշեք շենքից դուրս գալու և բաց տարածություն հեռանալու ամենաանվտանգ ուղիները։
Չմոռանաք նախապես ընտանիքի անդամների հետ պայմանավորվել՝ որտեղ եք հանդիպելու երկրաշարժից հետո։
Տանը՝ մուտքի մոտ ունեցեք առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։ Ի՞նչ է պետք դնել պայուսակի մեջ․ առաջին օգնության դեղարկղիկ՝ դեղորայքով և վիրակապական նյութերով, մարտկոցով ռադիոընդունիչ, գրպանի լապտեր, կարևոր փաստաթղթեր կամ գոնե դրանց պատճենները, տաք հագուստ, պահածոյացված սնունդ և խմելու ջուր՝ 3-4 լիտր։
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ
Եթե գտնվում եք շենքի առաջին կամ երկրորդ հարկում, արագ դուրս եկեք և վազեք դեպի բաց տարածություն, հեռու բնացեք բարձրահարկ շենքերից ու կամուրջներից։
Իսկ եթե գտնվում եք երրորդ կամ ավելի բարձր հարկերում, մի փորձեք դուրս վազել, որովհետև աստիճանավանդակները և հարթակները նախ՝ խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, հետո էլ մեծ է փլվելու հավանականությունը։
Եթե բացառում եք դուրս վազելը, ուրեմն հեռու մնացեք շենքի արտաքին պատերից և պատուհաններից․ առաջինը հենց դրանք են փլվում։
Շենքի միջին մասի հիմնական կրող պատերի անկյունները, այդ պատերում գտնվող դռան բացվածքները և հենասյուներն ամենաանվտանգ տեղերն են։ Կանգնեք այդտեղ և բոլոր դեպքերում գլխավերևում աթոռ կամ պայուսակ բռնեք՝ խուսափելու գլխին թափվող ծեփակտորներից։
Կարող եք մտնել նաև սեղանի տակ, եթե նախապես ճշտել եք, որ այն համեմատաբար անվտանգ տեղում է գտնվում։
Զգուշացեք մեծածավալ իրերից, դրանք կարող են շրջվել ձեզ վրա։
Որպեսզի փլուզումներից առաջացած փոշուց շնչահեղձ չլինեք, օգտագործեք գլխաշոր կամ այդ պահին ձեռքի տակ եղած որևէ հագուստի կտոր։
Իսկ եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում, հեռացեք շենքերից, կամուրջներից և էլեկտրասյուներից։ Առանց մասնագետի եզրակացության երբեք շենք չմտնեք, դրանք ցանկացած պահի կարող են փլատակների վերածվել։
Եթե գտնվում եք տրանսպորտում, անմիջապես կանգնեցրեք մեքենան շենքերից կամ կամուրջներից հեռու՝ բաց տարածքում, և մնացեք մեքենայի մեջ՝ հետևելով ռադիոընդունիչով տրվող հրահանգներին։
Իսկ եթե ցնցումները ձեզ հանկարծակիի են բերել գիշերը՝ անկողնում, ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, ոչ մի դեպքում լուցկի չվառեք, որովհետև վնասված գազատարից կարող է պայթյուն առաջանալ։ Դրա համար լավագույն լուծումը գրպանի լապտերն է։
Հագնվելու վրա չարժի ժամանակ կորցնել։ Վերցրեք անհրաժեշտ իրերով նախապես պատրաստված պայուսակը՝ անկախ նրանից դուրս եք վազելու, թե շենքում եք մնալու։
Վարքականոնները երկրաշարժից հետո
Նախ՝ խուճապի չմատնվել․ սա առաջին, ամենակարևոր պայմանն է։ Չմտածված գործողությունները կարող են նոր փլուզումների հնագեցնել։
Փորձեք առաջին բուժօգնություն ցույց տալ ինքներդ ձեզ կամ ձեզ հետ գտնվող մարդկանց։
Գոռալով կամ հնչեղ առարկաների հարվածելով աշխատեք կապ հաստատել դրսում կամ կողքի փլատակներում գտնվողների հետ։ Դա կօգնի, որ ձեզ արագ գտնեն։
Ձեզ մոտ եղած պաշարները խնայողաբար օգտագործեք։ Ինչպես գիտեք, մարդն առանց սննդի 15 և ավելի օրեր կարող է դիմանալ, իսկ առանց հեղուկի՝ ընդամենը 7 օր։
Եթե սպառվել են ձեզ մոտ եղած հեղուկի պաշարները, շոշոփեք գետինը։ Ջրատարների վնասվելուց դրանք ամենայն հավանականությամբ խոնավացած կլինեն։ Փորձեք հագուստից մի կտոր կտրել և դրա օգնությամբ ներքաշել ջուրը։ Ասում են՝ բերանում փոքր, ողորկ քար պահելը ևս մեղմացնում է ծարավի զգացումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։