Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնում է․
«Հարգելի’ քաղաքացիներ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`
Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Մասնագետների հավաստմամբ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:
Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: