Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին հյատնում է ՀՀ արտաքին գործերի նապարարությունը։
«Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների` ԱԳ նախարարները համընդգրկուն քննարկում ունեցան տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձ կատարեցին Արցախում հումանիտար իրադրության և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը` ընդգծելով Ադրբեջանի կողմից այդ գործընթացում խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը։ Այս առնչությամբ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի իր գործընկերոջը հարցը օրակարգում մշտապես բարձր պահելու համար:
ԱԳ նախարարները շեշտեցին ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր փոխանակեցին համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի պատվիրակության վերջերս Հայաստան կատարած այցը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները տեղում քննարկելու համար, մտքեր փոխանակվեցին այցի արդյունքներով ձեռնարկվելիք հետագա քայլերի շուրջ։
ԱԳ նախարարներ Այվազյանը և Լը Դրիանը կարևորեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների շարունակականությունը»,- ասված է հայտարարության մեջ: