Ինչպես արդեն հայտնել ենք, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ։
Գարիկ Սարգսյանը ծնվել է 1987 թ-ի նոյեմբերի 17-ին, Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում։
1994-2004 թվականներին սովորել է Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ:
2004 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Դիվանագիտություն» բաժին:
2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:
Զորացրվելուց հետո՝ 2007 թվականից, շարունակել է ուսումը: Բակալավրիատն ավարտել է 2010 թվականին:
2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (CES)»-ում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ եվրոպագետի որակավորմամբ:
ՀՀ-ում աշխատանք չգտնելով՝ 2012-2015 թվականներին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատի հետ մեկնել է Արցախ` մասնակից լինելու սահմանի պաշտպանությանը։
2015 թվականի մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: Նախաձեռնող խմբի կազմում մասնակցել է կուսակցության կանոնադրության և ծրագրի մշակման աշխատանքներին: Ղեկավարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Կյանքի տարածքային կառույցը:
2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանքի համայնքապետ։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 22 604 ձայն:
2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։
2020թ-ի դեկտեմբերի 9-ին՝ սեփական դիմումի համաձայն Գարիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից։