Ո՞ր դեպքերում է զորակոչիկին տարկետում տրվում ընտանեկան պայմաններից ելնելով

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի`

1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)`

ա. չունեն այլ զավակ կամ

բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների.

4) երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին.

5) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է:

2. Եթե քաղաքացին անչափահաս տարիքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել է առանց ծնողական խնամքի մնացած երեխա և որդեգրվել է խնամատար հաստատությունից, և առկա են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետերով նախատեսված պայմանները, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից: Ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, քույրը, եղբայրը, տատը, պապը, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու ճանաչված այլ անձը:

3. Քաղաքացին համարվում է միայնակ ծնող ունեցող, եթե`

1) մյուս ծնողը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած.

2) մյուս ծնողն անհայտ է (օրենքով սահմանված կարգով հայրություն կամ մայրություն չի ճանաչվել) կամ դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

3) մինչև քաղաքացու 18 տարին լրանալն առնվազն հինգ տարի առաջ ծնողներն ամուսնալուծվել են, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին.

4) ծնողների ամուսնությունն օրենքով սահմանված կարգով չի գրանցվել, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին:

4. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով չնախատեսված դեպքերում քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կարող է տրվել քաղաքացու դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը, իսկ 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև երկրորդ երեխայի կամ առնվազն զույգ երեխաների ծննդյան օրը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել