Քաղաքացին դիմել էր տարածքային նոտարին, որպեսզի իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը` հողամասը, նվիրատվության կարգով նվիրի իր թոռնիկին: Նոտարը պահանջել էր անշարժ գույքի պետական գրանցման վկայականը և քաղաքապետարանի կողմից տրված տեղեկանք` հողամասի չափերի վերաբերյալ: Վերոնշյալ փաստաթղթերը ներկայացնելիս պարզվել է, որ նրանցում արտացոլված թվերը` հողամասի չափերի վերաբերյալ, չեն համապատասխանում հողամասի իրական չափերին: Քաղաքացին դիմել էր պետական գրանցում կատարող մարմին (կադաստր), որտեղից նրան պատասխանել էին, որ քաղաքապետարանի կողմից տրված տեղեկանքի հիման վրա է տրվել սեփականության իրավունքի գրանցման վկայականը, հետևաբար` քաղաքապետարանի կողմից էլ պետք է արվի նոր չափագրում, որի հիման վրա կադաստրը ուղղում կկատարի:
Քաղաքացին դիմել էր քաղաքապետարան, որպեսզի կատարեն նոր չափագրում, սակայն երկար քաշքշուկներից հետո նրան պատասխանել էին, որ պետք է իրենց մուծի 15-20.000 ՀՀ դրամ` համապատասխան չափագրում կատարելու համար: Երբ քաղաքացին պահանջել էր այդ մուծման դեպքում իրեն տրամադրել վճարման կտրոն, պատասխանել էին, որ վճարման կտրոն չեն կարող տրամադրել:
Վճարման կտրոն տրամադրելուց խուսափելը կասկածելի թվաց քաղաքացուն, և նա որոշեց դիմել ՇՊԱԿ` իր իրավունքների պաշտպանության հարցով: ՇՊԱԿ-ի կողմից քաղաքացուն խորհուրդ տրվեց` գրավոր կարգով դիմել քաղաքապետարան և պատասխանն ստանալուն պես կրկին դիմել ՇՊԱԿ: Հաջորդ օրն իսկ քաղաքացին ՇՊԱԿ-ին տեղեկացրեց, որ ստացել է իր դիմումի պատասխանը, որտեղ ասվում է, որ գոյություն ունի ինչ-որ լիցենզավորված ՍՊԸ, որը կատարում է վճարովի չափագրումներ և կարող է դիմել նրանց, ընդ որում գրությունը հանձնելիս քաղաքացուն ասել էին, որ վերոնշյալ ՍՊԸ-ին պետք է վճարի 40-50.000 ՀՀ դրամ, այսինքն` ավելի շատ, քան իրենց պետք է տար քաղաքացին` չափագրում կատարելու համար:
Քաղաքացին կարծում էր, որ սույն գործում առկա է հնարավոր կոռուպցիոն ռիսկ, քանի որ իրենից ակնկալել են որոշակի գումար, որը չստանալով` ուղղորդել են ինչ-որ ՍՊԸ:
Համամիտ չլինելով այդ տարբերակին ևս` քաղաքացին կրկին դիմեց Աշտարակի ՇՊԱԿ:
ՇՊԱԿ-ի ղեկավարն արագ կերպով արձագանքելով` զանգահարեց քաղաքապետարանի համապատասխան բաժնի պետին` մատնանշելով, որ իրենց կողմից է տեղի ունեցել սխալը և իրենք էլ պետք է կատարեն համապատասխան չափագրումներ, ինչպես նաև հիշեցրեց ՀԵԻԱ-ի և Աշտարակի քաղաքապետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերով քաղաքապետարանի ստանձնած պարտավորությունների մասին` ՇՊԱԿ-ի հետ համատեղ քաղաքացիներին իրենց խնդիրների լուծման գործում աջակցելու հարցում:
Հաջորդ օրը քաղաքացին գալով ՇՊԱԿ` հայտնեց իր շնորհակալությունը ՇՊԱԿ-ի անձնակազմին, քանի որ քաղաքապետարանի համապատասխան բաժնից եկել և կատարել էին չափագրում` առանց որևէ գումար ակնկալելու:
“Ես անչափ ուրախ եմ, որ մեր երկրում կան նման կենտրոններ, որոնք իսկապես աշխատում են մարդկանց օգնելու համար”, – ասաց շահառուն:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: