Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարությանն էր ներկայացվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։
Կառավարությունը հաստատել է, որ հարկ վճարողի օրը կնշվի ապրիլի 19-ին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը պետության կողմից հարկ վճարողներին հարկադրած գործողություն է, հետևաբար շատ կարևոր է, որպեսզի հարկ վճարողներն իրենց հարկային պարտավորությունների կատարման համատեքստում մշտապես օգտվեն պետության օժանդակությունից։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրվել է հարկ վճարողների և հարկային մարմնի միջև գործընկերային հարաբերությունների և փոխհամագործակցության բոլորովին նոր մակարդակ ապահովելու, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, նրանց վարքագծին համարժեք հարկային վարչարարության կիրառման մոտեցումների, տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման և խորացման քաղաքականություն՝ ի թիվս այլ միջոցառումների՝ իրականացնելով նաև կամավոր հարկային կարգապահությունը խթանող միջոցառումներ։
Նպատակ ունենալով ընդգծել պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների դերը և խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ առաջարկվում է սահմանել Հարկ վճարողի օր։
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով ըստ էության Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են հարկային համակարգը և վերջինիս սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները՝ առաջարկվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը: