«Իմ քայլը» խմբակցությունը փետրվար ամսին նախատեսում է հանրային քննարկման, այնուհետև շրջանառության մեջ դնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծ։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
«Երբ մենք դեռ մեկուկես տարի առաջ քննարկում էին ընտրական բարեփոխումները, գաղափար կար, որ հիմնական մասին կանդրադառնանք սահմանադրական փոփոխություններից հետո։ Ընտրակարգում կան դրույթներ, որոնք ուղղակիորեն կարգավորված են Սահմանադրությամբ, հետևաբար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններ դեռևս տեղի չեն ունեցել, բայց Ընտրական օրենսգրքի փաթեթը մեծ հաշվով, կարելի է ասել, պատրաստ է, այդ հարցն ենք քննարկում, թե արդյո՞ք կփորձենք Ազգային ժողովում որոշակի այն հնարավոր փոփոխությունները, որոնք ԱԺ շրջանակում են՝ սահմանադրական փոփոխություններ իրականցնել, մի քանի տարբերակներ ենք քննարկել։ Քննարկումները դեռ շարունակվում են»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ փոփոխությունները տարբեր են․ արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված, որոնք խիստ կարճ են, ԱԺ լուծարում և այլն։
«Նման փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն, հետևաբար ընդդիմությունն իր տեսակետը պետք է հայտնի։ Մենք շատ վաղ փուլում ենք, որպեսզի ես կարողանամ որևէ հստակ տեղեկություն տալ»,-ասաց Դանիելյանը։