Նոր ընդունելություն մանկապարտեզներում առայժմ չկա. դպրոցներում սպասում են, թե երբ են անցնելու 5-օրյա ռեժիմի

Համավարակը կանխարգելելու նպատակով, պահպանելով սանիտարական նորմերը, մանկապարտեզներ են հաճախում 2019-2020 ուսումնական տարում ու դրանից առաջ հաստատություններ ընդունված, խնամող չունեցող, աշխատող ծնողների երեխաները:

Նոր ընդունելություն մանկապարտեզներում առայժմ չկա: Խնդիրն աշխատանքի վերադառնալ ցանկացող ծնողների համար օրակարգային ու սոցիալական է:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Գործող սահմանափակումները թույլ չեն տալիս, որ խմբում լինի 18 երեխայից ավելի: Սա նշանակում է, որ մոտ 4000 ընդունված երեխա կա, որոնք չեն կարողանում հաճախել մանկապարտեզ և շուրջ 15000՝ հերթագրված: Այս առնչությամբ կապի մեջ ենք առողջապահության նախարարության հետ, որպեսզի փորձենք մեծացնել խմբերի թիվը»,-ասում է փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, ով համայնքային կրթօջախների խնդիրներին ծանոթանում է տեղում՝ շենքային պայմաններից մինչև սննդի մատակարարում:

Փոխքաղաքապետը նաև համայնքային կրթօջախների տնօրենների հետ առանձին հանդիպումների ընթացքում է մեկ առ մեկ լսում հուզող բոլոր հարցերն ու առաջարկները:

Դպրոցներում անհամբերությամբ սպասում են, թե երբ են վերադառնալու 5-օրյա աշխատանքային ժամանակացույցին: Որպեսզի սահմանափակումները շուտ վերացվեն, հարակավոր է պահպանել կանոնները: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները զգուշացնում են. կրթօջախներում սանիտարական նորմերի ու ջերմային ռեժիմի խախտումներ արձանագրելու դեպքում վարչարարություն կիրականացնեն:

Դպրոցների պարագայում հիմնական խնդիրը ջերմային ռեժիմի պահպանումն է, որը շատ դեպքերում շենքային պայմաններից է կախված: Նորք-Մարաշի բարձունքում գտնվող Երևանի հ. 157 հիմնական դպրոցն, օրինակ, կեսդարյա պատմության ընթացքում ոչ միայն չի հիմնանորոգվել, այլև որոշ հատվածներ վթարային են դարձել:

«Ցավոք, դպրոցների շենքերը պետական են, և դրանք պետական ծրագրով են վերանորոգվում: Սա իրական խնդիր է» ,- նշում է Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Կրթական որակի բարելավման՝ Երևանի քաղաքային իշխանության նախորդ տարիներին որդեգրած ծրագրերը կշարունակվեն նաև այս տարի: Զուգահեռաբար կմշակվեն նոր նախագծեր՝ արդեն հաջորդ տարիների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել