Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության կազմավորման նախագիծը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Նշվում է, որ պետական կառավարման համակարգի մարմինների գործառույթների առավել արդյունավետ իրականացումն ապահովելու, ինչպես նաև Ռազմավարությամբ սահմանված խնդիրների լուծումներ ապահովելու համար առաջարկվում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն։

Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ Նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։ Վերջինս պայմանավորված է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը Հանրապետության նախագահի կողմից նշանակելու սահմանադրական լիազորությամբ։ Այդուհանդերձ, նշանակումը կատարվելու է վարչապետի առաջարկությամբ, որին նախորդում է ներքին գործերի նախարարի միջնորդությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու վերաբերյալ։ Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։ Նույն կերպ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին՝ ոստիկանության պետը։ Վերոգրյալին համապատասխան ներքին գործերը նախարարը առաջարկվող նախագծերով լիազորված է նաև շնորհել ոստիկանության ծառայողների գլխավոր և ավագ կոչումները (ոստիկանության փոխգնդապետ և ոստիկանության գնդապետ), միջին կոչումները (ոստիկանության լեյտենանտ, ոստիկանության ավագ լեյտենանտ և ոստիկանության մայոր)՝ Ոստիկանության պետը։ Ոստիկանության բարձրագույն կոչումները (ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության գեներալ-լեյտենանտ և ոստիկանության գեներալ-գնդապետ) Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով շարունակելու է շնորհել Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։ Միևնույն ժամանակ, ներքին գործերի նախարարը կարող է միջնորդություն ներկայացնել, որպեսզի վարչապետը համապատասխան առաջարկություն ներկայացնի Հանրապետության նախագահին։

Անդրադառնալով Նախարարությանը ենթակա քննչական դեպարտամենտին անհրաժեշտ է ընդգծել, որ վերջինիս ծառայողներն ունենալու են ոստիկանության ծառայողի օրենսդրական կարգավիճակ և նրանց պաշտոնները սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով։ Քննչական դեպարտամենտի պետը սահմանվում է որպես գլխավոր խմբի ոստիկանության ծառայողի պաշտոն, որը համապատասխանում է գլխավոր վարչության պետի իրավական կարգավիճակին, իսկ քննչական դեպարտամենտի պետի տեղակալը համապատասխանաբար՝ գլխավոր վարչության պետի տեղակալի կարգավիճակին։ Դեպարտամենտի պետը նշանակվում է ներքին գործերի նախարարի կողմից։ Այդուհանդերձ, ապահովելով քննչական դեպարտամենտի անկախությունը ոստիկանության պետից, քննչական դեպարտամենտը չի ներառվում ոստիկանության կառուցվածքում, ինչը չէր համապատասխանի նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործառութային տարանջատմանը, այլ ձևավորվում է որպես Նախարարության ենթակա մարմին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտին քննչական ենթակայությամբ առայժմ նախատեսվում է հանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությունը։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների շտեմարանի համաձայն՝ 2019 թվականին գրանցվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների 1667 դեպք (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-248-րդ հոդվածներ)։

Հարկ է նշել, որ նշված խմբի գործերի հիմնական քանակը քննվում է Երևան քաղաքում, ինչի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նախկինում ձևավորվել է համապատասխան մասնագիտացմամբ քննիչների ստորաբաժանումը՝ Երևան քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը։ Համաձայն Քննչական կոմիտեից ստացված տեղեկատվության 2019 թվականի ընթացքում նշված բաժնում 10 քննիչների կողմից քննվել է ընդհանուր 695 քրեական գործ՝ մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը կազմելով 69.5 քրեական գործ։ Ճանապարհատրանսպորտային հանցագործություններից ամենատարածվածն, ըստ էության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելն է՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով։ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն մարզերում նշված հոդվածով 2019 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված և կարճված քրեական գործերի թիվը 301-ն է։ Մարզերում ճանապարհատրանսպորտային հանցագործություններով նախաքննությունը իրականացվում է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանումների առանձին քննիչների կողմից։

Վերոգրյալի հիման վրա ներկայացված նախագծերով ճանապարհատրանսպորտային հանցագործություններով նախաքննության իրականացնելու լիազորությունը նախատեսվում է հանձնել Ներքին գործերի նախարարության ենթակայության Քննչական դեպարտամենտին, իսկ քննչական կոմիտեի՝ նշված գործերով զբաղվող քննիչների հաստիքները համապատասխանաբար առաջարկվում է նախատեսել Ներքին գործերի նախարարության ենթակայության Քննչական դեպարտամենտի կազմում։

Այս համատեքստում անհրաժեշտ ընդգծել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 783-Ա որոշմամբ օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով մինչդատական վարույթի իրականացման կոնցեպտուալ փոփոխությունները։ Վերջինիս համաձայն հիմնովին վերափոխվում են նախաքննության և հետաքննության ինստիտուտները՝ հետաքննությունը սկսվում է նախաքննության հետ միասին և շարունակվում դրա ողջ ընթացքում, և համադրելի է օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիրի հետ։ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի տրամաբանությամբ ոստիկանությունը, որպես դատավարության հանրային սուբյեկտ, իրականացնելու է հետաքննության մարմնի գործառույթներ և նրա գործառույթները որպես հետաքննության մարմին, բնականաբար, սահմանափակված չեն Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտի քննչական ենթակայության գործերով։

Նախարարության ենթակայությանն է անցնելու նաև ներկայումս Ոստիկանության համակարգում գործող «Ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։ Նման փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ նախարարությունն է մշակելու ոստիկանությունում ծառայության կադրային քաղաքականությունը, ուստի, մասնագիտական կրթության ոլորտի քաղաքականությունը պետք է շաղկապված լինի և բավարարի ծառայության փոփոխվող շահերը։ Միաժամանակ, լինելով նախարարության կազմում, Կրթահամալիրը կարող է բազա դառնալ նախարարության մյուս ենթակա մարմնի՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների պատրաստումն ու շարունակական վերապատրաստումն իրականացնելու համար։

Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղակայումը պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ և միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ, որոնք այսօր արդիական են դարձնում միգրացիայի կառավարման պետական համակարգի բարեփոխումների և արդյունավետության բարձրացման խնդիրը։ Նշված բացերի հաղթահարման և միգրացիայի կառավարման արդյունավետության և համապարփակության մեծացման նպատակով միգրացիայի կառավարումը նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հետ միավորմամբ կենտրոնացնել ոլորտի քաղաքականություն մշակող մեկ կառույցի ներքո քաղաքացիական բնույթի ծառայության ձևով՝ ինտեգրված մոտեցում ցուցաբերելով միգրացիոն շղթայի բոլոր բաղադրիչների կառավարմանը։

Արդյունքում օտարերկրյա քաղաքացիների մուտքի և կացության հետ կապված բոլոր գործառույթները կկենտրոնան մեկ պետական մարմնում, կմեծանա միգրացիոն քաղաքականության ձևավորման և իրագործման փաստահենությունը, միգրացիոն քաղաքականության արդյունքների և ազդեցության գնահատման արդյունավետությունը, կբարելավվի քաղաքացիներին և միգրանտների տարբեր խմբերին տրամադրվող հանրային ծառայությունների որակը, կմեծանա դրանց հասանելիությունը, կզարգանան ոլորտի աշխատակիցների կարողությունները, առավել դյուրությամբ կիրականացվի ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավարին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան նշանակելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ, իսկ ծառայության ղեկավարի տեղակալին՝ նույն հոդվածի 7-րդ մասի հիման վրա նշանակելու է ներքին գործերի նախարարը՝ ծառայության ղեկավարի առաջարկությամբ։

Այսպիսով, Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝

Ոստիկանություն
Քննչական դեպարտամենտ
Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Նախատեսվում է Նախարարության կազմում ներառել հետևյալ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները՝

Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն,
Միջազգային համագործակցության վարչություն,
Բժշկական վարչություն,
Փորձաքրեագիտական վարչություն,
Հանրային ծառայությունների որակի ապահովման վարչություն,
Վերահսկողության, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն։
Նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել հետևյալ աջակցող ստորաբաժանումները՝

Իրավաբանական վարչություն,
Ֆինանսաբյուջետային վարչություն,
Տնտեսական վարչություն,
Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն,
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն,
Գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն,
Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն։
Ներկայացված կառուցվածքի շրջանակներում Նախարարությունն իրականացնելու է ինչպես իր կողմից, այնպես էլ ոստիկանության կողմից տրամադրվող` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից լիցենզիայի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն։ Նախարարության իրավասությանն են հանձնվելու նաև տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների պահպանման ապահովման, վարորդական իրավունքի և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների տրամադրման գործառույթները։ Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ փաթեթում ներառված «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ Նախարարությունը այսուհետ տրամադրելու է զենքի առևտրի լիցենզիան, ինչը մինչ այժմ իրականացնում է Ոստիկանությունը։

Միաժամանակ, պետական կառավարման մարմինների նման հարաբերակցության պայմաններում Նախարարությունը հանդիսանալու է նաև իր ենթակա մարմինների՝ Ոստիկանության, Քննչական դեպարտամենտի, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ուսումնական հաստատության բյուջետային կարգադրիչ՝ հիմնականում իրականացնելով նաև այդ մարմինների կարիքների համար գնումների գործընթացները։

Նախարարության նման կառուցվածքի պայմաններում նախատեսվում է ոստիկանության հիմնական մասնագիտական և աջակցող ստորաբաժանումների հետևյալ դասավորությունը.

Ոստիկանության հիմնական մասնագիտական ստորաբաժանումներ

  • Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն,
  • Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն,
  • Պետական պահպանության գլխավոր վարչություն,
  • Ոստիկանության զորքեր,
  • Շտաբ,
  • Օպերատիվ փնտրողական վարչություն,
  • Պարեկային ծառայություն (վարչության իրավունքով),
  • Օպերատիվ կառավարման կենտրոն (վարչության իրավունքով),
  • Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո (վարչության իրավունքով)։

Ոստիկանության աջակցող ստորաբաժանումներ

  • Իրավաբանական բաժին,
  • Ֆինանսաբյուջետային բաժին,
  • Տնտեսական բաժին,
  • Կադրերի բաժին,
  • Քարտուղարություն (բաժնի իրավունքով),
  • Մարտական և ֆիզիկական պատրաստության բաժին,
  • Գաղտնիության ապահովման բաժին,
  • Ինֆորմացիոն կենտրոն,
  • Կապի բաժին։

Ոստիկանության համակարգի մաս են կազմում նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումները։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար նախատեսվում է հետևյալ կառուցվածքը.

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության հիմնական մասնագիտական  ստորաբաժանումներ

  • Ծրագրերի, հսկողության և վիճակագրության բաժին,
  • Բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժին,
  • Քաղաքացիության շնորհման և դադարեցման բաժին,
  • Քաղաքացիության պարզման և վերադարձի բաժին,
  • Վերաինտեգրման բաժին,
  • Ապաստանի հարցերի բաժին,
  • Փախստականների բաժին,
  • Վիզաների և կացության բաժին,
  • Օտարերկրացիների վերադարձի բաժին,
  • Անձնագրային բաժին։

Միգրացիայի  ու  քաղաքացիության  ծառայության աջակցող  ստորաբաժանումներ

  • Ֆինանսահաշվապահական բաժին,
  • Իրավաբանական բաժին,
  • Քարտուղարություն,
  • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին,
  • Վերապատրաստումների և զարգացման բաժին,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին,
  • Փաստաթղթերի տպագրման բաժին,
  • Տնտեսական բաժին։

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության համակարգի մաս են կազմում նաև ծառայության տարածքային ստորաբաժանումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել