Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» լրացում կատարելու վերաբերյալ նախագիծ։
Առաջարկվում է լրացում կատարել օրենքում՝ նպատակ ունենալով սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում:
Նշվում է, որ ՀՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերը, այդ թվում՝ բանկերը և վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող են ներել որոշ պարտապանների (օրինակ՝ զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց) պարտավորությունները: Մինչդեռ, հնարավոր են դեպքեր, երբ պարտատերերը ներում են պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ հարուցվել են կատարողական վարույթներ, որի դեպքում գանձվում են կատարողական գործողությունների կատարման ծախսեր: Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ «Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից։»: Ուստի, առկա կարգավորմամբ պարտատերը, այդ թվում՝ բանկը և վարկային կազմակերպությունը, ռազմական դրության իրավական ռեժիմով և որոշակի հանգամանքներով պայմանավորված, եթե ներում է պարտապանի պարտավորությունը, ապա ցանկացած դեպքում կատարողական ծախսերը գանձվում են հարկադիր կատարողի կողմից:
Հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ պայմանավորված հետևանքների հիմքով պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը ներելու իրավական հիմք սահմանված չէ: