«Գ. Թադևոսյան» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (երրորդ անձ Աշոտ Արշակյան)՝ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի կողմից 03.08.2012թ. հաստատված՝ ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումը վերացնելու, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությանը «Արխիվ ճարտարապետություն ինտերիեր շինարարություն» ապրանքային նշանի նկատմամբ «Գ. Թադևոսյան» ՍՊԸ-ի իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու» պահանջի մասին։
«Գ. Թադևոսյան» ՍՊԸ-ի կողմից, ռեսուրսներով և նախաձեռնությամբ, «Սամարակ» տպագրատան միջոցով հրատարակվել Է «Արխիվ ճարտարապետություն ինտերիեր» շինարարության տարեգիրքը։ Նկատի ունենալով, որ տարեգիրքը կազմել Է «Գ. Թադևոսյան» ՍՊԸ-ն՝ տարեգրքի վերջին Էջում նշվել Է. «Հիմնադիր և հրատարակիչ՝ «Գ. Թադևոսյան» ՍՊԸ, և որ նման տարեգիրք հրատարակելու գաղափարը պատկանում Է Աշոտ Արշակյանին՝ տարեգրքի վերջին Էջում նշվել Է, «մտահաղացման հեղինակ և գլխավոր խմբագիր՝ Աշոտ Արշակյան»։
«Գ. Թադևոսյան» ՍՊԸ-ի կողմից 18.04.2012թ. հայտ Է ներկայացվել «Արխիվ ճարտարապետություն ինտերիեր շինարարություն ապրանքային նշանը գրանցելու վերաբերյալ։ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից 03.08.2012թ. մերժվել Է ապրանքային նշանի գրանցումը։
Սույն գործի քննությամբ դատարանը եզրակացրեց, որ տվյալ դեպքում հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսանում է հենց Տարեգիրք ստեղծագործությունը, քանի որ այն հանդիսանում է տվյալների համակարգված ձևով դասավորված հավաքածու, որի տարրերը անհատապես մատչելի են և որոնց ձեռքբերումը, ճշգրտումը կամ ներկայացումը պահանջում Է որակական և (կամ) քանակական Էական ներդրում, իրենից ներկայացնում Է տվյալների բազա։ Իսկ Տարեգրքի ստեղծման մտահղացման, գաղափարի հեղինակ հանդիսացող անձը չի կարող հանդիսանալ Տարեգիրք ստեղծագործության հեղինակ։ Այսինքն՝ ոչ թե Տարեգրքի ստեղծման, մտահղացման գաղափարն Է հեղինակային իրավունքի օբյեկտ, այլ հենց տարեգիրքը։ Իսկ տվյալների բազայի նկատմամբ հեղինակային իրավունքի սուբյեկտ Է հանդիսանում դրա կազմողը՝ ստեղծողը, որն իր նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ որակապես և (կամ) քանակապես Էական ներդրում Է կատարել տվյալների բազայի պարունակության ձեռքբերման, ճշգրտման կամ ներկայացման համար։ Վերը նշված փաստական հանգամանքների հիման վրա դատարանը եզրակացրեց, որ Տարեգիրքը կազմվել և ստեղծվել Է «Գ. Թադևոսյան» ՍՊԸ-ի կողմից իր նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ, իր ֆինանսական միջոցներով, մարդկային և տեխնիկական ռեսուրսներով, որի մասին վկայում Է նաև դատարանին ներկայացված Տարեգրքի կազմման ընթացքում, դրա կազմման հետ կապված կնքված համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրերը, Տարեգրքի վերջին Էջում կատարված «Հիմնադիր և հրատարակիչ՝ «Գ. Թադևոսյան» ՍՊԸ» նշումը։ Նման պայմաններում դատարանը եզրակացնում է, որ Տարեգրքի ստեղծման, մտահղացման գաղափարը չի հանդիսանում հեղինակային իրավունքի օբյեկտ և տվյալ դեպքում հայտարկված ապրանքային նշանի գրանցմամբ չի կարող խախտվել Աշոտ Արշակյանի որևէ իրավունքը:
Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի 03.08.2012թ. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումը։ Պարտավորեցնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությանը «ԱՐԽԻՎ ճարտարապետություն. ինտերիեր. շինարարություն.» ապրանքային նշանի նկատմամբ գրանցել «Գ. Թադևոսյան» ՍՊԸ-ի իրավունքը։
Աղբյուրը` Իրավաբան.net