Մաքսային հսկողություն իրականացնելիս անձի քննմանը պետք է դիմել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ այլ մեթոդներով կանխել մաքսանենգությունը կամ մաքսային կանոնների խախտումը:
Անձի քննումն իրականացվում է գրավոր որոշման հիման վրա, որում նշվում են անձին քննման ենթարկելու հիմքերը և թե հատկապես ինչ առարկաներ հայտնաբերելու համար է կատարվում այն:
Եթե ֆիզիկական անձը հրաժարվում է կամավոր հանձնել հայտարարագրման ենթակա, սակայն չհայտարարագրված ապրանքները կամ առարկաները կամ դրանք հանձնելուց հետո մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը կասկածում է, որ ֆիզիկական անձն ամբողջությամբ չի հանձնել հայտարարագրման ենթակա, սակայն չհայտարարագրված ապրանքները կամ առարկաները, ապա սկսվում է անձի քննման գործողությունը, որի ընթացքում քննումն իրականացնողը կարող է կատարել անձնական խուզարկություն և վերցնել քննման ենթարկվող անձի հագուստի մեջ, իրերում կամ մարմնի վրա գտնվող առարկաները և փաստաթղթերը, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
Անձին քննման ենթարկելու մասին արձանագրությունն ընթերցվում է քննման գործողությանը մասնակցող անձանց համար: Մասնակիցների նշած արձանագրության վերաբերյալ դիտողություններ կամ լրացումներ լինելու դեպքում դրանք մտցվում են արձանագրության մեջ:
Արձանագրությունն ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը, քննվող ֆիզիկական անձը, ընթերակաները և մյուս մասնակիցները (բուժաշխատողը, անչափահասի կամ անգործունակ անձի օրինական ներկայացուցիչը):
Եթե քննվող անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ:
Եթե քննվողը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները, ապա կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
Եթե քննվող անձը ֆիզիկական արատի կամ անգրագիտության պատճառով չի կարողանում ստորագրել արձանագրությունը, ապա այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: Եթե քննվող անձն անգրագետ է, ապա հրավիրվում է կողմնակի ֆիզիկական անձ, որը կարդում է այդ արձանագրությունը և ստորագրում:
Եթե քննվողի մոտ հայտնաբերվում են մաքսանենգության առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնք մաքսային կանոնների խախտման օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար, ապա որպեսզի հետագայում դրանք իրեղեն ապացույցի նշանակություն ստանան, մանրամասն պետք է նկարագրվեն, փաթեթավորվեն և կնքվեն` առարկան փոխելու, առանձնահատկությունները և հատկանիշները փոփոխելու հնարավորությունը բացառելու համար:
Անձին քննման ենթարկելու ընթացքում հայտնաբերված կամ կամավոր հանձնված ապրանքների, առարկաների կամ իրերի նկարագրության, փաթեթավորման և կնքման համար կազմվում է առանձին արձանագրություն, որը կցվում է անձին քննման ենթարկելու մասին արձանագրությանը: Սույն մասում նշված արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որից մեկը հանձնվում է քննվող քաղաքացուն:
Հայտնաբերված առարկաները կամ իրերը կցվում են անձին քննման ենթարկելու մասին արձանագրությանը և ուղարկվում հետաքննիչին:
Եթե քննվող անձի մոտ չեն հայտնաբերվում չհայտարարագրված կամ օրենքով սահմանված կարգով արգելված առարկաներ, ապա քննություն կատարող պաշտոնատար անձը ներողություն է խնդրում, և օրենքով սահմանված կարգով հատուցվում է քննման հետևանքով քաղաքացուն պատճառված վնասը:
Աղբյուրը` Իրավաբան.net